Թուրքական «T24» կայքում հրապարկվել է սյունակագիր Զեյնել Լյուլեի՝ «Փաշինյանի կոչը․ «Փշալարից՝ տարանցիկ ուղի»» վերնագրով հոդվածը, որում հեղինակը անդրադառնում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարություններին։
Հեղինակը մասնավորապես գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Թուրքիայի հետ սահմանները կարող են բացվել, ուղղակիորեն վերաբերում է ոչ միայն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլև Կենտրոնական Ասիայից մինչև Եվրամիություն ձգվող երկաթուղային և էներգետիկ գծերի ապագային: Այս կոչը ուշագրավ է որպես զարգացում, որը կարող է վերաձևավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը:
Համբուրգում արված հայտարարության մեջ Փաշինյանը ընդգծել է, որ Թուրքիայի հետ շփումները զգալիորեն ակտիվացել են, և որ սահմանների բացումը այլևս միայն երկկողմ հարաբերությունների հարց չէ, այլ տարածաշրջանային ինտեգրման բանալին։ Նրա խոսքով՝ այդ քայլով ռազմավարական նշանակություն ունեցող միջանցք կստեղծվի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ձգվող երկաթուղային, ավտոճանապարհային և էներգետիկ հաղորդուղիների համար։Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանը նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է փնտրում ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի ուղղությամբ։ Հատկապես Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված նոր ստատուս քվոն ավելի տեսանելի է դարձնում Երևանի ցանկությունը՝ ազատվել տարածաշրջանային մեկուսացումից»։
Այնուհետև հեղինակը ներկայացնում է սահմանի բացման հնարավոր օգուտներն ու ռիսկերը.
Հնարավոր օգուտներ
Տնտեսական ինտեգրում․ փակ սահմանի բացումը կդյուրացնի Հայաստանի մուտքը եվրոպական շուկաներ Թուրքիայի տարածքով։
Էներգետիկ հաղորդուղիներ․ կարող են օրակարգ մտնել բնական գազի, էլեկտրաէներգիայի փոխանցման, ինչպես նաև կանաչ ջրածնի խողովակաշարերի նախագծեր։
Երկաթուղային միջանցք․ Բաքու-Թբիլիսի-Կարս գծին միացվող նոր երթուղիները կարող են ամրապնդել Կենտրոնական Ասիայից Եվրոպա ձգվող լոգիստիկ շղթան։
Դիվանագիտական ձեռքբերումներ․ կարգավորումը կարող է բարձրացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հավանականությունը։
Հնարավոր ռիսկեր և խոչընդոտներ
Ադրբեջանի գործոնը․ Հայաստան-Թուրքիա մերձեցումը կարող է առաջ գնալ միայն այն դեպքում, եթե չհակասի Ադրբեջանի շահերին։ Ղարաբաղյան գործընթացից հետո ձևավորված զգայուն հավասարակշռությունը գործընթացը դարձնում է խոցելի։
Ներքին քաղաքականություն․ Հայաստանում ընդդիմությունը կարող է Թուրքիայի հետ կարգավորումը դիտարկել որպես զիջում, իսկ Թուրքիայում հասարակական զգայունությունը կարող է դանդաղեցնել գործընթացը։
Տարածաշրջանային մրցակցություն․ Ռուսաստան և Իրան դերակատարները կարող են մտահոգվել, որ նոր միջանցքները կսահմանափակեն իրենց ազդեցության գոտիները։
Հոդվածում հեղինակը շեշտում է նաև, որ սահմանի բացումը կնշանակի ոչ միայն երկկողմ առևտրի ակտիվացում, այլ նաև Անդրկովկասյան միջանցքի վերաիմաստավորում, և որ այս համատեքստում սահմանի բացումը պետք է դիտարկել ոչ թե որպես զուտ դիվանագիտական ժեստ, այլ որպես գլոբալ լոգիստիկ շղթայի նոր օղակ։
Ըստ հեղինակի՝ Չինաստանից Եվրոպա ձգվող «Միջին միջանցք» նախագիծը կարող է ստանալ առավել ուժեղ այլընտրանքային ուղի. Եվրոպական միությունը կարող է աջակցել այդ երթուղուն՝ էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով և ի վերջո Հայաստանը կարող է դուրս գալ մեկուսացումից և դառնալ տարածաշրջանային առևտրի լիարժեք մասնակից։
Հեղինակը նշում է, որ ԵՄ-ն այս գործընթացին հետևում է ոչ միայն տարածաշրջանային խաղաղության, այլև էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Իսկ Ռուսատանը կարող է մտահոգվել, որ Թուրքիա-Հայաստան մերձեցումը կնվազեցնի իր ազդեցությունը տարածաշրջանում իսկ նոր միջանցքների բացումը կարող է թուլացնել Ռուսաստանի էներգետիկ ճնշումը Եվրոպայի վրա։
Ամփոփելով՝ Զեյնել Լյուլեն գրում է, որ Փաշինյանի կոչը պատմության փակված էջերը վերաբացելու խիզախություն է։ Սակայն այդ համարձակության՝ կայուն խաղաղության վերածվելը կախված է ոչ միայն դիվանագիտական կամքից, այլև այնպիսի իրատեսական տեսլականից, որը կկարողանա հավասարակշռել տարածաշրջանային դերակատարների շահերը։ Միջանցքը կարող է դառնալ կամ նոր խաղաղության ճանապարհ, կամ կրկին հայտնվել պատմության փոշոտ դարակներում։







