Նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձաց Գևորգ Սուջյանը գրառում է արել «Ֆեյսբուքում»՝ նշելով, որ հանգիստ չի ունենալու, քանի դեռ մյուս հայերը գերության ճիրաններում են։
«Ես ձեզ չեմ լքել տղաներ,հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ։
․․․․ Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է։Ու ես վայելում եմ այս օրը,փայփայելու ու մեծարելու եմ այս օրվա ամեն ակնթարթը։Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով,որպեսզի էլ տեղ չմնա վախին,կասկածին։
«Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այս օրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։
Այսօր ես վերաբեռնելու եմ նվիրումս, որպեսզի խուսափեմ կեղծ ազնվականությունից, լինեմ անկեղծ, համեստ ու շիտակ և իբրև հասարակ մահկանացու դրել եմ ոտքերս երկրիս սուրբ հողին։ Միգուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ, եթե արժանի չլինեն դրան։ Կլինեն նաև քննադատներ,որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել, ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ։ Եվ ի պատասխան նրանց ես կժպտամ ճչացող իմաստությամբ, որ խրված է սրտիս խորքում և եթե նույնիսկ կոչեն ինձ խենթ, ես նորից կժպտամ նրանց նույն իմաստուն ժպիտով, քանզի, մարդի՛կ, իմացե՛ք, խենթերն են պտտում մոլորակն առաջ։ Ես չեմ վախենում տարբերվելուց։ Ես վստահ սլանալու եմ առաջ։ Այս օրը իմ օրն է»,-գրել է Սուջյան։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական գերության մեջ գտնվող 4 հայ՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը հանձնվել էին Հայաստանին։








