Ռուսաստանում 2026 թվականի ապրիլի 1-ից կարող են ամբողջությամբ արգելափակել Telegram-ը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները հղում անելով պետական գերատեսչությունների իրենց աղբյուրներին։ Նշվում է, որ այդ օրվանից Ռոսկոմնադզորը կարող է անցնել մեսենջերի լիակատար արգելափակման՝ այնպիսի մեխանիզմով, ինչպիսին կիրառվել է Instagram-ի և Facebook-ի դեպքում։ Ըստ հրապարակումների՝ հավելվածը չի աշխատի ոչ բջջային կապով, ոչ էլ ֆիքսված ինտերնետ կապով Ռուսաստանի ամբողջ տարածքում։
Նշվում է, որ 2026 թվականի փետրվարի 10-ից Telegram-ի աշխատանքի արագությունը նվազել է։ Օգտատերերը հայտնում են ծառայության աշխատանքի խափանումների մասին․ հաղորդագրությունների տեքստային մասը հասանելի է, սակայն մեդիաֆայլերը հաճախ բեռնվում են ուշացումով։
Փորձագետների մի մասը կարծում է, որ Telegram-ը չի արգելափակվի նույն իրավական հիմքով, ինչ Instagram-ը, քանի որ այն Ռուսաստանում ծայրահեղական կազմակերպություն չի ճանաչվել։ Հնարավոր է, որ կիրառվի YouTube-ի նկատմամբ կիրառված մեխանիզմին նման մոտեցում՝ նախ արագության սահմանափակում, ապա՝ տրաֆիկի ամբողջական սահմանափակում՝ առանց պաշտոնապես «լիակատար արգելափակում» հայտարարելու։







