Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հսկայական ձեռքբերումներ է տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Քըլըչն այդ մասին հայտարարել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ Փոխանցում է «Արմենպրես»-ը։
Քըլըչն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջին հերթին ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ կողմերի միջև վստահության ձևավորման, ամրապնդման գործընթաց է։
«Մենք փորձում ենք անել բոլոր քայլերը, որ կարգավորվեն հարաբերությունները մեր երկրների միջև։ Բայց չենք կարող Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն առանձնացնել ընդհանուր կապակցվածությունից։ Եվ չենք կարող կապակցվածությունը սահմանափակել միայն տրանսպորտով, հաղորդուղիներով, երկաթուղային ճանապարհներով։ Շատ այլ կարևոր ոլորտներ կան, որտեղ պետք է ջանքեր ներդնենք։ Ինտերնետային կապուղիները, տրանսպորտային կապուղիները, օդային ուղիները շատ կարևոր են։ Մենք պետք է ավելի լայն մոտեցում ունենանք կապակցվածությանը՝ հաստատելու խաղաղություն և կայունություն այս տարածաշրջանում»,- ասել է Քըլըչը։
Նա նաև հայտարարել է, որ ցանկացած վայրում հարաբերություններն ընդլայնելու, զարգացնելու, երկարաժամկետ ու տևական խաղաղություն ստեղծելու գաղափարներն առաջին հերթին պետք է բխեն տվյալ տարածաշրջանից, այսինքն՝ այդ տարածաշրջանի ժողովուրդները պետք է լինեն այդ գաղափարների տերը։







