Պենտագոնը հայտարարել է առաջիկա մեկ տարվա ընթացքում Գերմանիայից շուրջ 5,000 ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին։ Չնայած կրճատմանը՝ Գերմանիայում դեռ կմնա ավելի քան 30,000 ամերիկացի զինվորական։ Փոխանցում է BBC-ին։
Պենտագոնի խոսնակ Սոն Փարնելը նշել է, որ որոշումը կայացվել է Եվրոպայում ուժերի տեղաբաշխման վերանայման արդյունքում և կիրականացվի առաջիկա 6-12 ամիսների ընթացքում։ Նախագահ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ դա գործընթացի սկիզբն է միայն, և որ Միացյալ Նահանգները նախատեսում է շատ ավելի մեծ կրճատումներ իրականացնել, քան նախնական հայտարարված 5,000-ն է։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Պենտագոնի հայտարարությունը որակել է «կանխատեսելի»՝ շեշտելով, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է սեփական անվտանգության համար Եվրոպայի պատասխանատվության մեծացման անհրաժեշտությունը։
Վաշինգտոնի և եվրոպական դաշնակիցների միջև լարվածությունը սրվել է հատկապես Իրանի հետ պատերազմի պատճառով, որն ԱՄՆ-ն սկսել էր առանց ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասին տեղեկացնելու։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «նվաստացվում է» Իրանի կողմից և պատերազմ է սկսել առանց հստակ ռազմավարության։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել էր, որ Մերցը «չգիտի, թե ինչի մասին է խոսում»։ ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել դաշնակիցների «անբավարար աջակցությունից» և սպառնացել է զորքերը կրճատել նաև Իտալիայում ու Իսպանիայում։
Նշենք, որ Գերմանիան Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կարևորագույն հանգույցներից մեկն է։ Այստեղ է գտնվում Ռամշտայն ավիաբազան, որն ապահովում է լոգիստիկ և բժշկական տարհանման գործողությունները։ 2025 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Գերմանիայում մշտական հիմունքներով տեղակայված է եղել 36,436 ամերիկացի զինծառայող։ Թեև Բեռլինը թույլատրում է իր ենթակառուցվածքների օգտագործումը, այն արգելել է ուղղակի հարձակողական գործողություններ իրականացնել իր տարածքից, ինչը, թերևս, դարձել է Սպիտակ տան դժգոհության գլխավոր պատճառներից մեկը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը սպառնում է զորքերի կրճատմամբ. նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև 2020 թվականին՝ Անգելա Մերկելի պաշտոնավարման օրոք։








