Բաքվում հորդառատ անձրևը խափանել է ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման 13-րդ ֆորումի (WUF-13) բացման արարողությունը, որը տեղի է ունեցել մայիսի 17-ին Օլիմպիական մարզադաշտում, հաղորդում է «Jamnews»-ը։
Միջոցառմանը մասնակցելու համար հավաքվել էին ավելի քան 180 երկրի ներկայացուցիչներ՝ ճարտարապետներ, քաղաքաշինարարներ և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։ Նախատեսված բացման արարողությունը, այդ թվում՝ ֆորումի պաշտոնական դրոշի բարձրացումը, անցել է ուժեղ տեղումների պայմաններում, ինչի հետևանքով մասնակիցները ստիպված են եղել ապաստան գտնել ծածկերի տակ։ Ադրբեջանի հիդրոմետ ծառայության տվյալներով՝ Բաքվում և Աբշերոնի թերակղզում 9 ժամում տեղացել է 103 մմ տեղում, ինչը կազմում է կլիմայական նորմայի ավելի քան 500 տոկոսը։ Ֆորումի թեման է՝ «Բնակարանով ապահով խաղաղություն․ անվտանգ և կայուն քաղաքներ ու համայնքներ»։ Միջոցառման ընթացքում քննարկվում են քաղաքային զարգացման, բնակարանային ապահովման, կլիմայի փոփոխության և արագ ուրբանիզացիայի հետ կապված խնդիրներ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 3 միլիարդ մարդ ապրում է անբավարար բնակարանային պայմաններում, ավելի քան 1,1 միլիարդը՝ ոչ ֆորմալ բնակավայրերում, իսկ հարյուր միլիոնավոր մարդիկ՝ առանց մշտական բնակության։WUF-ը ստեղծվել է ՄԱԿ-ի կողմից 2001 թվականին և դարձել է UN-Habitat-ի ամենախոշոր գլոբալ հարթակը քաղաքային զարգացման հարցերով։ Բաքուն ֆորումը հյուրընկալելու իրավունքը ստացել է 2023 թվականին։Պաշտոնական տվյալներով՝ WUF-13-ին մասնակցում է ավելի քան 40 հազար մարդ՝ 182 երկրից։ Ծրագրում ներառված է շուրջ 40 հիմնական նիստ, մոտ 350 գործընկերային միջոցառում և Urban Expo ցուցահանդեսը։
Ֆորումի բացման օրը համընկել է ռեկորդային տեղումների հետ, ինչը կազմակերպիչների գնահատմամբ զգալիորեն փոխել է նախատեսված ծրագրի ընթացքը։







