Լեգենդար ստամբուլահայ լուսանկարիչ, «Ստամբուլի աչք» մականունով հայտնի Արա Գյուլերի կյանքն ու ստեղծագործական ուղին կներկայացվեն մեծ էկրանին: Նրա մասին պատմող գեղարվեստական կինոնկարը կրելու է «Մերհաբա» («Բարև») անունը:
«Այս նախագիծն ունի բացառիկ նշանակություն. այն հանդիսանում է Հայաստանի և Թուրքիայի միջև առաջին համատեղ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի արտադրությունը։ Կինոաշխարհում այն նպատակ ունի դառնալու բարեկամության և մշակութային համագործակցության յուրօրինակ կամուրջ երկու երկրների միջև»-գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Նախագիծն իրականացվում է «Kara Kedi Film»-ի և «Luys Media»-ի, ինչպես նաև հայաստանյան «Anso Film» ընկերության ու պրոդյուսերներ Անի Գալստյանի և Հովհաննես Գալստյանի համատեղ ջանքերով: Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը և Արեն Փերդեջին։ Հատկանշական է, որ նրանք սցենարական աշխատանքները սկսել են դեռևս Արա Գյուլերի կենդանության օրոք՝ հենց վարպետի ցանկությամբ ու թույլտվությամբ: Սցենարի մշակման և արխիվների ուսումնասիրության մանրակրկիտ աշխատանքներն իրականացվել են «Արա Գյուլեր» արխիվային և հետազոտական կենտրոնում:
Նախագիծն արդեն արժանացել է միջազգային մասնագիտական ուշադրության. այն ներկայացվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի «Marche du Film» (Կինոշուկա) հարթակում: Բացի այդ, ֆիլմն արժանացել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության աջակցությանը:







