Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն թվականի հունիսի 1-ից նախատեսում է գործարկել հատուկ ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը կլինի հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում «ատելության խոսքի» ու «ագրեսիվ հաղորդակցության» մոնիթորինգը։ Այս մասին հայտնում է Newsgeorgia լրատվական կայքը։
Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ նոր կառույցը կձևավորվի ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի կազմում և կզբաղվի այնպիսի դեպքերի հայտնաբերմամբ, որոնք իշխանությունները կորակեն որպես օրենքի խախտում, ատելության խոսք կամ արժանապատվության նվաստացում։
Փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ ստորաբաժանումն իրականացնելու է համակարգային մոնիթորինգ և իրավասու է լինելու վարույթներ սկսել ոչ միայն քաղաքացիների բողոքների հիման վրա, այլև սեփական նախաձեռնությամբ։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին այս նախաձեռնությունն անվանել է արհեստականորեն պարտադրված բևեռացման և ատելության մթնոլորտի դեմ պայքարի միջոց՝ հավելելով, որ պատժամիջոցները կիրառվելու են խախտմանը համաչափ։
Այս նոր կարգավորումները հաջորդում են 2025 թվականի փետրվարին խորհրդարանի կողմից ընդունված օրենքին, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել պաշտոնատար անձանց վիրավորելու համար։ Դրա հիման վրա արդեն իշխանության մի շարք քննադատներ են տուգանվել ու կալանավորվել։ Միևնույն ժամանակ, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) իրավապաշտպանները մտահոգություն են հայտնել, որ հստակ չափանիշների բացակայության պայմաններում նոր մեխանիզմը ստեղծում է քաղաքականապես մոտիվացված գրաքննության և հանրային տիրույթի նկատմամբ տոտալ վերահսկողության լուրջ ռիսկեր՝ էլ ավելի մեծացնելով ճնշումը խոսքի ազատության վրա։








