Ռուսաստանը կարող է վերանայել Հայաստանի հետ գործող համաձայնագիրը, որով գազը, նավթամթերքը և չմշակված ադամանդները մատակարարվում են արտոնյալ պայմաններով։ Այս մասին գրում է ռուսական «Коммерсантъ»-ը։
Պարբերականի տվյալներով՝ նման հավանականության մասին նշվում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակում, որն ուղարկվել է հայկական կողմին։ Ըստ հրապարակման՝ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի կողմից Եվրամիության հետ մերձեցման շարունակական քաղաքականությունը կարող է ազդել երկկողմ տնտեսական համագործակցության վրա։ Խոսքը վերաբերում է 2013 թվականի համաձայնագրին, որի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին գազ, վառելիք և ադամանդներ է մատակարարում առանց արտահանման մաքսատուրքերի և արտոնյալ պայմաններով։
«Коммерсантъ»-ը գրում է, որ ներկայում Հայաստանը զգալիորեն կախված է ռուսական գազից և Ռուսաստանից ստացվող նավթամթերքից։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ հնարավոր փոփոխությունների դեպքում Հայաստանը կարող է բախվել այլընտրանքային մատակարարումների արագ կազմակերպման դժվարությունների, ինչը կարող է անդրադառնալ գների վրա։








