Այն հանգամանքը, որ հայաստանյան ընտրություններն ունենալու էին աշխարհաքաղաքական խորքային շերտեր, կասկածից վեր էր։ Դա աշխարհակարգի փոփոխման գործընթացին բնորոշ երևույթ է, և առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում նույն պատկերն է արձանագրվել գրեթե բոլոր ընտրական գործընթացների դեպքում, եթե դրանք տեղի են ունեցել ոչ բացարձակ ավտորիտար համակարգերի պարագայում (Թուրքիա, Վրաստան, Մոլդովա, Հունգարիա, անգամ ԱՄՆ և այլն)։ Նման կարծիք է հայտնել փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Բայցևայնպես, արտաքին ուժերի միջամտության ձևաչափերն էլ բավականաչափ ուշագրավ են և բնորոշ ուժի, փափուկ ուժի կիրառման հիմնական դերակատարների մշակույթին/գործելաոճին։
Հայաստանյան գործընթացներում Ռուսաստանի և նրա «էխոն» համարվող Բելառուսի առաջնորդների, ԱՄՆ-ի Ֆրանսիայի, ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թեմատիկ հայտարարությունները նշվածի հրապարակային օրինակներ են։ Մոսկվան խոսում և գործում է շանտաժի, սպառնալինքերի տրամաբանության մեջ, նրա հակառակորդները՝ հակառակը՝ նոր համագործակցությունների և հնարավորությունների։
Գործողությունների շրջանակի նման տարբերությունը որոշակի օբյեկտիվ իրողությամբ է պայմանավորված. նման դեպքերում յուրաքանչյուր դերակատար փորձում է կիրառել իր ձեռքի տակ ունեցած գործիքակազմը։ Որպես օրինակ՝ Ռուսաստանը Հայաստանի դեմ ռազմավարական նշանակության մատակարարումները, առևտրային, սփյուռքի գործիքները և այլն, ԵՄ-ն Վրաստանի դեմ՝ անդամակցության գործընթացով պայմանավորված իրավական, քաղաքական, տնտեսական առավելությունները և այլն։
Բայցևայնպես, հետխորհրդային տարածքում, Արևելյան Եվրոպայում վերջին ընտրական գործընթացներին արտաքին միջամտությունները ցույց են տվել մի շատ կարևոր և յուրօրինակ իրողություն. անկախացած հասարակություններն ավելի համախմբվում են արտաքին միջամտության, սպառնալիքի, շանտաժի դեմ։ Գուցե սխալվում եմ, բայց տվյալ պնդումը բացառություններ չունի։
Հիմա Հայաստանի դեպքում, երբ Պուտինը և նրա «արձագանք» Լուկաշենկոն հայ ժողովրդին սպառնում են «ուկրաինական սցենարով», դա ի՞նչ է նշանակում։ Կա՛մ խելոք՝ գլուխներդ կախ ընտրեք այն ուժերին, որոնք հակված են Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներին, կա՛մ ակնկալեք Ռուսաստանի ագրեսիա՞ն Հայաստանի դեմ։ Մինչդեռ հաջողելու համար պետք է տրամագծորեն հակառակ մոտեցումը դրսևորել. մի քիչ ավելի ստեղծագործ լինել, մի քիչ էլ ավելի անկեղծ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը նոր ձևաչափերում, եթե նման ցանկություններ կան…
Իսկ որպես այլընտրանք` Արևմուտքի ուղերձներում համատեղ նոր ծրագրերն ու հնարավորություններն են։ Ասենք՝ նման պարագայում ռուսական քաղաքականության մշակողներն ի՞նչ ակնկալիք ունեն, որ Ռուսաստանի տարբեր հակահայ քայլերից վախեցած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն իր ընտրությունը կատարելու է պատմական վախերի՞, թե՞ այդ վախերից մեկընդմիշտ ձերբազատվելու մղումով։
Երևի թե պատասխանն ակնհայտ է, ինչպես նախորդ դեպքերում…








