Ռուսաստանը շարունակում է նոր սահմանափակումներ կիրառել Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ տեղափոխվող մի շարք ապրանքների՝ մասնավորապես կարտոֆիլի, սմբուկի և չրերի նկատմամբ։
Ավելի վաղ ռուսական կողմը սահմանափակումներ էր կիրառել նաև հայկական ծաղիկների, ձկնամթերքի, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի շարք մրգերի ու բանջարեղենի ներմուծման համար՝ պատճառաբանելով դրանք ֆիտոսանիտարական և որակի վերահսկողության հետ կապված խնդիրներով։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է աջակցել սահմանափակումներից տուժած տնտեսվարողներին։ Նրա խոսքով՝ արդեն արտահանման նոր ուղղություններ են բացվում, և հայկական վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակներն ուղարկվել են այլ շուկաներ։
Ստեղծված իրավիճակի տնտեսական հետևանքների մասին «Region Monitor»-ը զրուցել է տնտեսագետ, ՀՊՏՀ Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի հետ։
Տնտեսագետի գնահատմամբ՝ սահմանափակումներն առաջին հերթին բացասաբար կանդրադառնան գյուղմթերքի իրացման հնարավորությունների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների վրա։ Խաչիկյանի խոսքով՝ կարճաժամկետ հատվածում արտահանողները և գյուղատնտեսական արտադրողները կարող են բախվել շուկաների կորստի և իրացման դժվարությունների, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը տարիներ շարունակ ուղղվել է ռուսական շուկա։
Միևնույն ժամանակ տնտեսագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս շուկաների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ «Եթե արդեն խոսվում է այլ շուկաներ դուրս գալու մասին, ապա այդ գործընթացը պետք է արագացնել։ Հայաստանը չի կարող կախված մնալ միայն մեկ շուկայից, քանի որ ցանկացած պահի կարող են առաջանալ նոր սահմանափակումներ կամ լոգիստիկ խնդիրներ», – նշել է նա։
Խաչիկյանը կարևոր է համարում նաև գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ուղղությամբ պետական քաղաքականության ակտիվացումը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար առավել շահավետ է ոչ թե հում մրգի և բանջարեղենի, այլ վերամշակված արտադրանքի արտահանումը։ Տնտեսագետը ընդգծել է, որ վերամշակված արտադրանքը ստեղծում է հավելյալ արժեք, ապահովում է ավելի բարձր եկամուտներ և նվազեցնում արագ փչացող ապրանքների արտահանման հետ կապված ռիսկերը։ Նրա խոսքով՝ թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը պահանջում է բարդ լոգիստիկ համակարգ, սառնարանային տնտեսություններ և արագ փոխադրումներ, մինչդեռ վերամշակված արտադրանքի դեպքում արտահանման ժամկետները կարող են լինել ամիսներ, ինչը զգալիորեն մեծացնում է նոր շուկաներ գտնելու հնարավորությունները։
Անդրադառնալով ռուսական կողմի ներկայացրած պատճառաբանություններին՝ տնտեսագետը նշել է․
«Պաշտոնական հայտարարություններում հիմնական շեշտը դրվում է Հայաստանում վերահսկողական մեխանիզմների արդյունավետության վրա։ Սակայն հարցեր են առաջանում այն առումով, թե ինչու են նման պահանջները կտրուկ ակտիվացվել հենց հիմա, երբ երկար տարիներ նույն համակարգի պայմաններում արտահանումը շարունակվել է առանց նման ծավալի սահմանափակումների։ Կարծում եմ նաև, որ սահմանափակումների ակտիվացումը համընկնում է ներքաղաքական լարված քննարկումների և ընտրական գործընթացների ակտիվ փուլի հետ, ինչը անխուսափելիորեն ավելացնում է տնտեսական քայլերի քաղաքական ընկալումը։ Եթե վերահսկողության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն կա, ապա Հայաստանը պետք է շահագրգռված լինի այդ գործընթացում, սակայն նման փոփոխությունները պետք է իրականացվեն կանխատեսելի և համաձայնեցված ձևով»։
Խոսելով հնարավոր լուծումների մասին՝ տնտեսագետը կարևորել է ինչպես նոր արտահանման շուկաների որոնումը, այնպես էլ գյուղատնտեսական վերամշակման ոլորտի պետական խթանումը։ Նրա խոսքով՝ կարճաժամկետ հատվածում կառավարությունը կարող է աջակցել գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ձեռնարկություններին՝ արտոնյալ ֆինանսավորման և սուբսիդավորման ծրագրերի միջոցով, իսկ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ընդլայնել արտահանման ուղղությունները դեպի եվրոպական, ասիական և արաբական շուկաներ։
«Այս սահմանափակումները ցույց են տալիս, որ Հայաստանի համար այլընտրանքային շուկաների ստեղծումը այլևս ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտություն է», – ամփոփել է տնտեսագետ Սոս Խաչիկյանը։







