ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «շատ լավ գործարքի վերջնական փուլում է»։ Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո կբացվի նաև Հորմուզի նեղուցը, ինչը, ըստ նրա, կարող է տեղի ունենալ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում։ Փոխանցում է «Ալ-Ջազիրան»:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն կարող էր շարունակել ռազմական ճնշումը Իրանի նկատմամբ, սակայն դա չէր նպաստի Հորմուզի նեղուցի արագ վերաբացմանը։ «Եթե ցանկանայինք, շատ հեշտությամբ կարող էինք շարունակել ռմբակոծությունները ևս երկու-երեք շաբաթ, և Իրանից գրեթե ոչինչ չէր մնա, բայց այդ դեպքում Հորմուզի նեղուցը ամիսներով փակ կմնար», – ասել է նա՝ պնդելով, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը բանակցությունների հարցում ավելի արդյունավետ է եղել, քան ռազմական հարվածները։
«Axios»-ին տված հարցազրույցում Թրամփը նաև հայտնել է, որ նախազգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահոուն պատերազմի շարունակման հնարավոր հետևանքների մասին։ «Ես նրան ասացի. «Բիբի, ավելի լավ է զգույշ լինես, հակառակ դեպքում շատ շուտով մենակ կմնաս»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև ընդգծել է, որ Իրանն ու Իսրայելը առնվազն մեկ շաբաթ կդադարեցնեն փոխադարձ հարձակումները։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում ևս կոչ էր արել կողմերին դադարեցնել կրակը՝ նշելով, որ խաղաղության շուրջ «վերջնական բանակցությունները» շարունակվում են, եթե դրանց չխանգարեն «անտեղյակությունը կամ հիմարությունը»։
Հիշեցնենք, որ վերջին սրացումը սկսվել էր կիրակի օրը՝ Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի ռմբակոծությունից հետո։ Իրանը, որը բազմիցս հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնություն կապված է նաև Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման հետ, ի պատասխան հրթիռային հարվածներ էր հասցրել Իսրայելի հյուսիսային շրջաններին։







