Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 8-ին տեղի է ունեցել Ադրբեջանում ընդդիմադիր մեդիայի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարուցված «Toplum TV-ի գործով» հերթական նիստը: Դատախազը մեղադրյալների համար 13-16 տարվա ազատազրկում է պահանջել:
Այս գործով մեղադրյալ, «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» ղեկավար Աքիֆ Գուրբանովի և քաղաքական գործիչ Ռուսլան Իզաթլիի համար դատախազը պահանջել է 16 տարվա ազատազրկում, ինստիտուտի աշխատակից Ալի Զեյնալիի և «Toplum TV-ի» համահիմնադիր Ալասգյար Մամադլիի համար՝ 15 տարի, իսկ գործով անցնող մյուս լրագրողների ու ակտիվիստների՝ Ռամիլ Բաբաևի, Իլքին Ամրահովի, Մուշֆիգ Ջաբարի, Ֆարիդ Իսմայիլովի և Էլմիր Աբասովի համար՝ 13-ից 14 տարվա բանտարկություն։
Դատախազը նաև միջնորդել է ազատ արձակվելուց հետո 3 տարով նրանց զրկել պետական ու տեղական կառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բռնագրավել ամբաստանյալների կալանքի տակ գտնվող բնակարաններն ու մեքենաները։
Դատավարության ընթացքում ամբաստանյալները չեն ընդունել մեղադրանքները: Աքիֆ Գուրբանովը հանդես է եկել հեգնական հայտարարություններով՝ նշելով, որ իր մեքենայի բռնագրավումից ստացվելիք գումարի կարիքը, ըստ երևույթին, ունեն անձամբ նախագահ Իլհամ Ալիևն ու ներքին գործերի նախարարը:
2023-ի նոյեմբերից Ադրբեջանում ընդդիմադիր լրատվամիջոցների հետապնդումների նոր ալիք է սկսվել: «Toplum TV-ի գործով» անցնող տասը քաղաքացիական ակտիվիստներն ու լրագրողները ձերբակալվել էին 2024 թվականի մարտին՝ մաքսանենգության մեղադրանքով: Ընթացիկ տարվա հունվարին մեղադրանքին ավելացրել են ևս հինգ հոդված:







