Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, ըստ իսրայելական մամուլի (Maariv), Անվտանգության կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահի դեմ պետք է մտածել ոչ ստանդարտ քայլերի մասին», այդ թվում՝ տարածքների վերահսկողության և «մեծ թվով զինյալների ոչնչացման» ուղղությամբ գործողությունների։ Նա նաև նշել է․
«Պետք է ձերբակալել նրանց կանանց և երեխաներին, որովհետև դա է նրանց ամենաշատը ցավ պատճառում»։
Իսկ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը «Հեզբոլլահին» մեղադրել է Իսրայելին «հյուծող պատերազմի» մեջ ներքաշելու փորձերի համար։ Միաժամանակ նախարարների մակարդակով հնչել են նաև կոչեր՝ ընդլայնելու ռազմական գործողությունները Բեյրութի ուղղությամբ և անգամ քննարկելու Լիբանանի որոշ տարածքների վերահսկողության տակ վերցնելու հարցը։ Իսրայելի կառավարության այլ անդամներ ևս ընդգծել են ռազմական ճնշման ավելացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «Հեզբոլլահի» գործողություններին պետք է պատասխանել «ուժեղ և արագ» հարվածներով։
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Բեյրութի Դահիյեի ճակատագիրը կապված է հյուսիսային քաղաքների անվտանգության հետ», հավելելով, որ ցանկացած հարձակում կարժանանա կոշտ պատասխանի։
Հաղորդվում է, նաև որ Իսրայելի բանակը վերջին ամիսներին շարունակել է հարվածները Լիբանանի ուղղությամբ՝ հատկապես «Հեզբոլլահի» դիրքերի և ենթակառուցվածքների դեմ, ինչի հետևանքով, ըստ աղբյուրների, եղել են զոհեր, վիրավորներ և տեղահանություններ։






