ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ փաստաթղթի տեքստի հիմնական դրույթները համաձայնեցված են, և ստորագրման պահից սկսած՝ բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում ուժի մեջ կմտնի 60-օրյա հրադադար։ Համաձայնության շրջանակներում Հորմուզի նեղուցը կվերաբացվի անհապաղ, Իրանը որևէ տուրք չի գանձի նավարկության համար, իսկ նավերի երթևեկությունը նախապատերազմյան մակարդակին կվերականգնվի 30 օրվա ընթացքում։
Միաժամանակ, ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը: Նախատեսվում է պատժամիջոցների մասնակի մեղմացում փուլային տարբերակով՝ կախված գործընթացի առաջընթացից։ Միջուկային հարցում փաստաթուղթը բավարարում է Վաշինգտոնի բոլոր պահանջները, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի պաշարների հարցը և Իրանի հանձնառությունը՝ չձգտել միջուկային զենքի ստեղծմանը։
Ի նշանավորումն Պակիստանի կատարած առանցքային միջնորդական դերի՝ այս փաստաթուղթը կրելու է «Իսլամաբադի համաձայնագիր» անվանումը,: Աղբյուրները չեն հստակեցրել, թե արդյոք համաձայնագիրը ներառում է իրանական ֆինանսական միջոցների ապասառեցումը, ինչը Թեհրանի հիմնական պահանջներից էր։ Հուշագրի ստորագրումը կազդարարի բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկը, որի ընթացքում կողմերը կաշխատեն դրույթների գործնական կիրառման մեխանիզմների շուրջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա և համաձայնությունը կստորագրվի առաջիկա օրերին: Չնայած դրան՝ թե՛ Իրանի ԱԳՆ-ն, թե՛ իրանական ԶԼՄ-ները դեռևս պաշտոնապես չեն հաստատել վերջնական համաձայնության գոյությունը՝ հայտարարելով, որ լուրերը դեռ լոկ ենթադրություններ են:







