«Reuters»-ի հետաքննության համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը Պարսից ծոցում գաղտնի նավթային փոխադրումներ են իրականացնել՝ կիրառելով այնպիսի մեթոդներ, որոնք նախկինում լայնորեն օգտագործվել են Իրանի կողմից՝ պատժամիջոցներից խուսափելու համար։
Տվյալների համաձայն՝ գործողությունը սկսվել է մայիսի սկզբին և իրականացվել է Ֆուջեյրայի (ԱՄԷ) և Օմանի Սոհար նավահանգստի մոտակայքում։ Նավթային փոխադրումների գործընթացին մասնակցել է առնվազն 92 նավ։
Հետաքննության մեջ նշվում է, որ նավթը տեղափոխվում է «նավից նավ» մեթոդով՝ հատուկ համակարգված ձևով, երբ տանկերները հանդիպում են բաց ծովում, անջատում են ազդանշանային համակարգերը և իրականացնում բեռնափոխադրում՝ ԱՄՆ ռազմական վերահսկողության պայմաններում։ Աղբյուրների տվյալներով՝ նավերը շարժվում են առանց տրանսպոնդերների և լույսերն անջատած, իսկ երթևեկությունը կարգավորվում է հատուկ ժամանակացույցով՝ բախումներից խուսափելու և շարժը վերահսկելու համար։
«Reuters»-ը նշում է, որ գործողությանը ներգրավված են նաև պետական և մասնավոր նավթային ընկերություններ, իսկ որոշ դեպքերում փոխանցվող նավթի ծավալը հասնում է միլիոնավոր բարելների։ Հետաքննության համաձայն՝ գործողությունը նպատակ ունի ապահովել Պարսից ծոցի նավթային մատակարարումների անխափան շարժը՝ տարածաշրջանում լարվածության աճի պայմաններում։ Միևնույն ժամանակ, փորձագետները զգուշացնում են, որ նման համակարգը ռիսկային է, քանի որ նվազեցնում է նավերի տեսանելիությունը և մեծացնում բախումների հավանականությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հաստատել նավթային փոխանցումներին մասնակցությունը՝ նշելով, որ նավատորմը չի իրականացնում նման գործողություններ։








