Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ սահմանված սահմանափակումները քաղաքական դրդապատճառներ չունեն և պայմանավորված են բացառապես արձանագրված խախտումներով։ Այդ մասին «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Մենք տարիների ընթացքում աշխատել ենք այդ ձեռնարկությունների հետ, ունենք լաբորատոր փորձաքննությունների արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ և արձանագրված խախտումներ», – նշել է Դանկվերտը։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը Հայաստանի արտադրողների կողմից որակի վերահսկողության արդյունավետ համակարգի բացակայությունն է։
«Օրինակ՝ հազարավոր կապ կանաչի հավաքվում է մեկ մեքենայի մեջ, իսկ հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն այդ հսկայական քանակի արտադրանքը։ Ֆիզիկապես դա անհնար է», -ասել է նա։ Դանկվերտը ընդգծել է, որ սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության նկատառումների հետ, ոչ թե քաղաքական գործընթացների։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։ Սահմանափակումների ժամանակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:







