Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Ալիռեզա Մաջիդին «Tasnimcast» փոդքաստի ընթացքում համոզմունք է հայտնել, որ Իրանը պետք է Ադրբեջանի ուղղությամբ Իսրայելի դեմ նոր ճակատ բացի, ինչը թույլ կտա կապել Թել Ավիվի ձեռքերը տարածաշրջանային այլ ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում։
«Իսրայելի նավթի 28 տոկոսը Բաքվից է գալիս, 22 տոկոսը՝ Ղազախստանից, ընդհանուր 50 տոկոսը՝ Կասպից ծովից: Կասպից ծովի էներգետիկ ոլորտում անկայունությունն ուղիղ ազդում է Իսրայելի էներգետիկ անվտանգության վրա: Իմ առաջարկն այն է, որ Aramco-ի օրինակով մի գործողություն էլ պետք է Բաքվի կամ Թենգիզի դեմ իրականացնել: Բաքուն ավելի հասանելի է: Պետք է լինի թիրախային հարված: Նախզգուշացնղ բաղադրիչն ավելի ազդեցիկ է, քան ավերածությունը. մյուս կողմը պետք է հասկանա, որ խաղն այստեղ ևս կարող է սկսվել, ու սկսի ծանրութեթև անել: Եթե Լիբանանի դիմաց Ադրբեջանի հավասարումը խաղարկես, Իսրայելի ձեռքերը կկապվեն, քանի որ Ադրբեջանից Իսրայելի բյուրոկրատական, տնտեսական կախվածությունն ավելի մեծ է, քան մերը՝ Լիբանանից»,- նշել է Մաջիդին: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի գործոնի խաղարկմամբ՝ Իրանն առնվազն կարճաժամկետ հեռանկարում կարող է կառավարել Լիբանանում Իսրայելի գործողությունները:
Մաջիդիի այս տեսակետները կիսել է նաև ռազմական վերլուծաբան Մոհամմադ Թահերին՝ հավելելով, որ Հորմուզի նեղուցը փակելու ավանդական սպառնալիքները չեն ազդում Իսրայելի վրա, իսկ Իրանի հիմնական առավելությունը միշտ եղել է անկանխատեսելիությունը։ Նրա խոսքով՝ Իսրայելի տարածքին հասցվող հրթիռային հարվածներն արդեն կանխատեսելի են դարձել, ուստի խաղադաշտը փոխելու և հակառակորդի ռազմավարական շահերին այլ տարածաշրջանում հարվածելու առաջարկը լիովին արդարացված է։
Թահերին հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կարող հերքել Իրանի հետ սահմանին իսրայելական հետախուզական-լրտեսական բազաների առկայությունը, որոնք ակտիվորեն օգտագործվում են Թեհրանի դեմ։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել է, որ ժամանակին Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի ուղղությամբ արձակված իսրայելական «Hermes» անօդաչու թռչող սարքը օդ էր բարձրացել հենց Նախիջևանի տարածքից։ «Ադրբեջանի տարածքից բազմիցս սպառնալիք է ստեղծվել Իրանի անվտանգությանը: Մենք այստեղ բավարար պատճառներ ունենք, որ դաս տանք Ադրբեջանին (խմբ՝ բառացի՝ ականջը քաշենք)»,-նշել է ռազմական վերլուծաբանը:







