Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) անկախ պատգամավոր Յանուշ Կովալսկին կոչ է արել երկրի իշխանություններին՝ չեղարկել ուկրաինացի փախստականների համար գործող բոլոր արտոնությունները և սկսել նրանց զանգվածային արտաքսումը հայրենիք։ Այս մասին պատգամավորը գրել է սոցիալական հարթակներում՝ անդրադառնալով Կիևի կողմից Ուկրաինական ապստամբական բանակի (УПА) փառաբանման շուրջ բռնկված նոր սկանդալին։ Փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Լեհ քաղաքական գործիչները պետք է կանգնեն լեհերի կողքին և Սեյմի առաջիկա նիստում չեղարկեն ուկրաինացիների բոլոր արտոնությունները։ Պետք է Լեհաստանից ուկրաինացիների արտաքսման ծրագիր սկսել։ Բոլորը պետք է վերադառնան Ուկրաինա»,- հայտարարել է Կովալսկին։
Լեհ պատգամավորի նման կտրուկ արձագանքի պատճառ է դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին որոշումը, որով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին շնորհվել է «ՈւԱԲ (УПА) հերոսների» անունը։ Լեհաստանում Ուկրաինական ապստամբական բանակը և դրա առաջնորդները պատասխանատու են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Վոլինյան կոտորածի համար, որի ժամանակ տասնյակ հազարավոր լեհեր են սպանվել։ Կովալսկու խոսքով՝ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը բացահայտորեն կանգնել է հանցագործների կողքին։
Կիևի քայլին կոշտ է արձագանքել նաև Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին: Նա Վլադիմիր Զելենսկուն զրկել է հանրապետության բարձրագույն պետական պարգևից՝ «Սպիտակ արծվի» շքանշանից: Այսօր հայտնի է դարձել, որ չեղարկվել է նաև Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Օլենա Զելենսկայի՝ Գդանսկի համալսարանում նախատեսված դասախոսությունը: Այս ֆոնին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի մեկնելու Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։







