Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղիների ներդրման վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Իրանական կողմն ընդգծել է, որ առանց Թեհրանի համաձայնության սահմանված ցանկացած նոր ուղի անօրինական է և վտանգավոր։ Փոխանցում է իրանական ISNA լրատվական գործակալությունը:
«Ժամեր առաջ, առանց Իրանի Իսլամական Հանրապետությանը տեղեկացնելու և համաձայնեցնելու, որոշ կառույցների կողմից Հորմուզի նեղուցում նավերի տեղաշարժի նոր երթուղի է հայտարարվել։ Այդ երթուղին անընդունելի է և լիովին վտանգավոր»,- նշված է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։
Իրանի ուժային կառույցը շեշտել է, որ Հորմուզի նեղուցով անցման միակ թույլատրելի ուղիները հանդիսանում են բացառապես Իրանի կողմից նախապես հայտարարված երթուղիները։
ԻՀՊԿ-ն բոլոր նավերին և ստորաբաժանումներին նախազգուշացրել է խուսափել սահմանված գոտիներից դուրս որևէ տեղաշարժից, քանի որ դրանից դուրս նավարկությունը համարվում է «խիստ վտանգավոր և արգելված»։ Հայտարարության համաձայն՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար նավերի կողմից ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ համաձայնեցումը պարտադիր է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օմանը հայտնել էր Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր ծովային միջանցք բացելու մասին։ Ըստ Օմանի ԱԳՆ-ի՝ նախաձեռնությունն իրականացվել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) հետ համակարգման շրջանակում՝ նպատակ ունենալով ապահովել նավարկության անվտանգությունն ու համաշխարհային առևտրի անխափան շարունակականությունը:






