Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության նախաձեռնած Lead4Peace՝ «Կանանց առաջնորդության խթանում՝ հանուն դիմակայուն և խաղաղ հասարակությունների» տարածաշրջանային երկօրյա հանդիպումը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի միանալու մասին ծրագրին։ Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը։
Միջոցառումը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և տարածաշրջանի այլ երկրների կին առաջնորդների, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց առաջնորդությունը, գենդերային հավասարությունը, դիմակայուն կառավարման զարգացումն ու խաղաղաշինությունը՝ տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման միջոցով։
Միջոցառման բացմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրին միանալը կարևոր քայլ է Հայաստանի գենդերային քաղաքականության և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից։
Նրա խոսքով՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության ապահովումը և հավասար հնարավորությունների ստեղծումը շարունակում են մնալ կառավարության առաջնահերթություններից։ Թորոսյանը հիշեցրել է, որ 2025 թվականին ընդունված Գենդերային հավասարության ռազմավարությունը նախատեսում է կանանց մասնակցության ընդլայնում որոշումների կայացման գործընթացներում, աշխատաշուկայում անհավասարությունների նվազեցում, առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավում և կանանց նկատմամբ բռնության կանխարգելում։
Նախարարը հայտնել է նաև, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը մեկ տարվա ընթացքում կազմել է շուրջ 90 տոկոս։ Նա ընդգծել է նաև կանանց կարևոր դերը խաղաղաշինության գործընթացներում՝ նշելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն ներառական մասնակցության պայմաններում։
Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ Դանիան անմիջական աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ կանանց տնտեսական հզորացման և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակում։
Իր հերթին, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն նշել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել գենդերային հավասարության և կանանց քաղաքական մասնակցության ոլորտում, թեև սոցիալ-տնտեսական մի շարք մարտահրավերներ դեռևս պահպանվում են։
ՄԱԿ-ի տվյալներով՝ եթե 2015 թվականին Ազգային ժողովում կանանց մասնաբաժինը կազմում էր 10,7 տոկոս, ապա 2024 թվականին այն հասել է 38,3 տոկոսի։ Միաժամանակ, կանայք միջինում 4,5 անգամ ավելի շատ ժամանակ են հատկացնում չվարձատրվող խնամքի աշխատանքներին, իսկ նրանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի շուրջ 61 տոկոսը։
Lead4Peace տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության կողմից՝ Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Մինչ այժմ այն գործարկվել էր Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, իսկ 2026 թվականի հուլիսից ծրագրին պաշտոնապես միացել է նաև Հայաստանը։








