Իսպանական Սեուտա ինքնավար քաղաքը շարունակում է հաղթահարել անցած շաբաթ տեղի ունեցած զանգվածային միգրացիոն ներհոսքի հետևանքները։ Հազարավոր մարդկանց՝ Մարոկկոյից սահմանը հատելու փորձերից հետո իրավիճակը համեմատաբար կայունացել է, սակայն քաղաքում դեռ պահպանվում է լարվածությունը: Այս մասին հայտնում է «CNN»-ը։
Իսպանական իշխանությունների տվյալներով՝ անցած շաբաթ Սեուտա է մուտք գործել 50-60 հազար մարդ, որոնց մեծ մասը հետագայում վերադարձել է Մարոկկո։ Միաժամանակ առնվազն 72 մարդ զոհվել է, այդ թվում՝ ջրահեղձ լինելու և սահմանային պատնեշի մոտ առաջացած հրմշտոցի հետևանքով։
Մարոկկոյի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ դեպի Սեուտա է շարժվել շուրջ 40 հազար մարդ՝ պնդելով, որ նրանց մոլորեցրել են սոցիալական ցանցերում տարածված ապատեղեկատվությունը, մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ցանցերը և իրավական կարգավորումների սխալ մեկնաբանությունները։
Տեղի բնակիչների շրջանում տարբեր կարծիքներ կան կատարվածի պատճառների վերաբերյալ։ Ոմանք կարծում են, որ պատասխանատվությունը սահմանային իշխանությունների վրա է, քանի որ սահմանը փաստացի բաց էր թողնվել, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ կարողացել են անցնել։
Միգրացիոն ճգնաժամը կրկին սրել է Իսպանիայում ներգաղթի շուրջ քաղաքական բանավեճը։ Սեուտա են այցելել ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ալվիսե Պերեսը և «Վոքս» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը։ Վերջինս տեղի ունեցածը բնութագրել է որպես «ներխուժում» և մեղադրել Իսպանիայի կառավարությանը սահմանները պատշաճ չպաշտպանելու մեջ։
Միաժամանակ նրանց այցերն ուղեկցվել են հակաակցիաներով, որոնց մասնակցել են նաև քաղաքի մուսուլման բնակիչները։ Ցուցարարները նշել են, որ ծայրահեղ աջ գործիչները փորձում են քաղաքական նպատակներով շահարկել հումանիտար ճգնաժամը։
Քաղաքի բնակիչների մի մասը մտահոգություն է հայտնել, որ վերջին իրադարձությունները կարող են վնասել Սեուտայի՝ քրիստոնյաների, մուսուլմանների, հրեաների և հինդուների խաղաղ համակեցության ավանդույթը։
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ մտահոգությամբ հետևում է Սեուտայում ստեղծված իրավիճակին և կոչ է արել գտնել խաղաղության, կայունության և արդարության վրա հիմնված լուծումներ։ Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամի կարգավորումը շարունակում է մնալ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրներից մեկը։







