Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Ռուսաստանի մի շարք շրջաններում առնվազն 8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով ռուսական և ուկրաինական պաշտոնական աղբյուրներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ընթացքում երկրի տարբեր հատվածներում խոցվել է 635 ԱԹՍ։ Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Հարձակումների ընթացքում կրկին թիրախավորվել է նաև ռուսական «Wildberries» ընկերության պահեստը։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ընկերությունը մատակարարումներով է աջակցում Ռուսաստանի բանակին։ Ըստ «Deutsche Welle»-ի՝ հուլիսի 18-ից ի վեր Wildberries-ի մոտ երկու տասնյակ պահեստներ են թիրախավորվել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թիրախավորել են Սարատովի նավթավերամշակման գործարանը, Էնգելսում գտնվող ռազմաբազան, որտեղ տեղակայված են հեռահար ռմբակոծիչներ, ինչպես նաև Կալուգայի շրջանում գտնվող նավթային պահեստ։







