Հայաստանի ձկնամթերքն սկսել է մուտք գործել վրացական շուկա։ Այս մասին հայտնում է «Newsgeorgia»-ն՝ հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանությանը։
Դեսպանատան հաղորդմամբ՝ առաջին խմբաքանակները Վրաստան են հասել հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին։ Դիվանագիտական ներկայացուցիչները ակնկալում են, որ առաջիկայում Հայաստանից Վրաստան ձկան արտահանման ծավալները կաճեն։ Միևնույն ժամանակ, դեռևս չի հրապարակվում, թե որ ընկերություններն են արտահանում իրականացրել, ինչ տեսակի ձուկ է մատակարարվել և ինչ ծավալներով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մինչ այս եղել է հայկական ձկնամթերքի հիմնական շուկան, սակայն վերջին ամիսներին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ ձկան ներմուծման նկատմամբ։ Իրավիճակի հետևանքով հուլիսի 21-ին հայկական ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում՝ հայտարարելով, որ տնտեսություններում իրացման հնարավորության բացակայության պատճառով կուտակվել է շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ՝ չհաշված սառեցված արտադրանքը։
Հուլիսին Հայաստանը ստացել է նաև Եվրամիության երկրներ ձուկ արտահանելու հնարավորություն, սակայն արտադրողները նշում են, որ եվրոպական շուկա արագ վերաուղղվելը դժվար է՝ կապված սերտիֆիկացման խիստ պահանջների և բարդ լոգիստիկայի հետ։
«Newsgeorgia»-ն գրել է, որ այս պայմաններում Վրաստանը Հայաստանի ձկնամթերքի արտահանման համար դարձել է ամենամատչելի և արագ հասանելի ուղղություններից մեկը։ ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ շարունակելու է աշխատանքը Վրաստանի հետ առևտրային համագործակցության ընդլայնման և հայկական արտադրողների համար նոր շուկաներ ստեղծելու ուղղությամբ։







