ԱՄՆ-ի գլխավորած «Խաղաղության խորհուրդը» հայտարարել է, որ Իսրայելի զորքերը Գազայի հատվածից դուրս կգան միայն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինաթափումն ամբողջությամբ ավարտվի։ Այս մասին հայտարարվել է խորհրդի ղեկավար Նիկոլայ Մլադենովի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից հետո, փոխանցում է Al Jazeera-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի պատերազմը դադարեցնելու նպատակով ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունից օրեր անց։ «Խաղաղության խորհուրդը» նշել է, որ այսպես կոչված «Դեղին գծից» իսրայելական ուժերի դուրսբերումը հնարավոր կլինի միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո։ Խոսքը վերաբերում է ոչ միայն թեթև և ծանր զինատեսակներին, այլև Գազայի ստորգետնյա թունելներին։
Նեթանյահուի գրասենյակն իր հերթին հայտարարել է, որ հրապարակված համաձայնագրի տարբերակը «չի արտացոլում Իսրայելի դիրքորոշումը»։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը նույնպես քննադատել է համաձայնությունը՝ պահանջելով, որ կառավարության կողմից այն կրկին քննարկվի և քվեարկության դրվի։ Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ն էլ հայտարարել է, որ ինքը և պաղեստինյան մյուս խմբերը շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանը և սպասում են Մլադենովի ու միջնորդ երկրների պաշտոնական պատասխանին։ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ համաձայնությունը չի կարող իրականացվել, քանի դեռ Իսրայելը չի կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ չի դադարեցրել հարձակումները Գազայի վրա և դուրս չի բերել իր զորքերը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Գազայում իսրայելական հարվածների հետևանքով կրկին զոհեր կան։ Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան, որոնք միջնորդել են զինաթափման վերաբերյալ համաձայնության շուրջ բանակցություններում, դատապարտել են Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց և բուժհաստատությունների թիրախավորումը՝ դա անվանելով միջազգային իրավունքի խախտում։







