ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինայի նկատմամբ մոտ 134 հազար դոլարի գրավ է սահմանվել։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը, փոխանցում է «РИА Новости»-ին։
Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 3-ին հրամանագիր էր ստորագրել Ստեֆանիշինային Վաշինգտոնում դեսպանի պաշտոնից ազատելու մասին։ Ավելի ուշ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը նրան մեղադրանք են առաջադրել, սակայն կառույցները չեն հստակեցրել, թե հատկապես ինչում է մեղադրվում նախկին դեսպանը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստեֆանիշինային նաև պարտավորեցրել են տեղեկացնել բնակության վայրի փոփոխության մասին և չշփվել գործով վկաների հետ։
Ավելի վաղ «Politico» պարբերականը գրել էր, որ Ստեֆանիշինան ներգրավված է Արդարադատության նախարարությունում մոտ 55,8 հազար դոլարի հափշտակման և պետական գույքի ապօրինի ձեռքբերման գործում։ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն կարող է մեղադրանք առաջադրել նրան։ 2025 թվականի հուլիսին Գոնչարենկոն նաև նշել էր, որ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը քրեական գործ է հարուցել Ստեֆանիշինայի դեմ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով։







