Թուրքական «HAVELSAN» ընկերության կողմից մշակված ռազմաօդային ուժերի տեղեկատվական համակարգը համալրել է Ադրբեջանի ՌՕՈւ սպառազինությունը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ըստ թուրքական աղբյուրների՝ համակարգը նախատեսված է օդային գործողությունների թվայնացված կառավարում իրականացնելու համար։ Թուրքական կողմը պնդում է, որ դրա ներդրմամբ օպերատիվ պատրաստության գործընթացները նախատեսվում է կրճատել մինչև մի քանի րոպե։
Հաղորդվում է նաև, որ համակարգը ծառայում է հրամանատարական օղակների միջև տվյալների փոխանակմանը, ինչպես նաև իրական ժամանակում օդային իրավիճակի մոնիտորինգին և գործողությունների վերահսկմանը։
Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ համակարգի փոխանցումը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման մասին՝ հատկապես ծրագրային ապահովման և հրամանատարական-կառավարման տեխնոլոգիաների ոլորտում։






