Եմենի հութիների «Անսարալլահ» շարժումը հրթիռային հարվածներ է հասցրել Հադրամաութ և Մարիբ նահանգներում տեղակայված կառավարական ռազմական ճամբարներին։ Հարձակման հետևանքով զոհվել է Եմենի կառավարական ուժերի առնվազն 30 զինծառայող, ևս 15-ը ստացել են վիրավորումներ։ Այս մասին Al Jazeera-ին հայտնել են Եմենի կառավարական աղբյուրները։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Հարվածների թիրախում են եղել «Հայրենիքի վահան», «Արտակարգ իրավիճակների ուժեր» խմբավորումները և Հադրամաութում տեղակայված Առաջին ռազմական օկրուգի ճամբարները։
«Հայրենիքի վահան» ուժերը, որոնք ձևավորվել են 2022 թվականին Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, հսկում են Մարիբ-Հադրամաութ սահմանագիծն ու Սաուդյան Արաբիայի հետ սահմանը։ «Արտակարգ իրավիճակների ուժերը», որոնք ստեղծվել են 2025 թվականի վերջին, սաուդյան կոալիցիայի վերահսկողությամբ ապահովում են ցամաքային սահմանների անվտանգությունը Ալ-Ջաուֆում և Հադրամաութում:
Նշենք, որ չորս տարվա հարաբերական անդորրից հետո Իրանի աջակցությունը վայելող հութիների և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի միջև մարտերը վերջին շաբաթներին ակտիվացել են: Լարվածությունը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ Եմենի կառավարությունը հարվածել էր Սանայի օդանավակայանին՝ թույլ չտալու իրանական ինքնաթիռի վայրէջքը: Ի պատասխան՝ հութիները հարձակում էին գործել Սաուդյան Արաբիայի Աբհա օդանավակայանի վրա:
Այնուհետև հուլիսի 20-ին հութիները Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում են հայտարարել և հարձակումներ սկսել Կարմիր ծովում սաուդյան նավերի վրա՝ ի պատասխան իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների սաուդական շրջափակման:
Հիշեցնենք, որ հութիների «Անսարալլահ» շարժումը Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ պատերազմում է 2015 թվականից։ Խմբավորումը վերահսկում է մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիսային հատվածի մեծ մասը, ներառյալ Կարմիր ծովի ափին գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հոդեյդա նավահանգստային քաղաքը։ Իսկ պաշտոնական կառավարությունը տեղակայվել է Ադենում և վերահսկում է երկրի հարավային շրջանները։







