ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համասի» ղեկավարների հետ՝ Գազայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի իրականացման հարցերը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հանդիպման ընթացքում «Համասի» ներկայացուցիչները Քուշներին ներկայացրել են Գազայում հրադադարի խախտումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ Քուշները նշել է, որ ԱՄՆ-ը դեմ է Գազայի բնակչության տեղահանման ցանկացած ծրագրի։
«Համասը» հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Թրամփի ծրագրի երկրորդ փուլի ճանապարհային քարտեզը և կոչ է արել միջնորդներին ու «Խաղաղության խորհրդին» ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հրադադարի պայմանները կատարելու համար։
Նշենք, որ Թրամփի առաջարկած ծրագիրը նախատեսում է Գազայում ռազմական գործողությունների դադարեցում, «Համասի» զինաթափում, իսրայելական զորքերի դուրսբերում և Գազայի կառավարման փոխանցում պաղեստինյան նոր քաղաքացիական վարչակազմի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագիրն անընդունելի է Իսրայելի համար։
Հավելենք, որ Գազայում շարունակվում են իսրայելական հարվածները։ Պաղեստինյան պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ հրադադարի հաստատումից հետո զոհվել է ավելի քան 1250 պաղեստինցի։







