Օրերս «Ակոս» շաբաթաթերթը հայտնել էր, որ Թուրքիայի Ազգային կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են անցկացրել Ստամբուլի հայկական դպրոցներում և դպրոցների տնօրեններին տեղեկացրել, որ դպրոցներն այլևս չեն կարող Հայաստանից եկած «հյուր աշակերտներ» ընդունել, իսկ այնտեղ սովորող ՀՀ քաղաքացի երեխաները պետք է կրթությունը շարունակեն պետական դպրոցներում։
Այս իրավիճակի վերաբերյալ հայտարարություն էր տարածել Թուրքիայում գործող «Մարդու իրավունքների և ճնշվածների հետ համերաշխության միությունը» (MAZLUMDER), որը, քննադատելով հնարավոր սահմանափակումը, նշել էր, որ տարիներ շարունակ գործող կարգավորումից հրաժարվելը և երեխաների կրթական գործընթացի ընդհատումը կարող է խախտել նրանց կրթության իրավունքը։
Խնդրի վերաբերյալ Region Monitor-ը զրուցել է «MAZLUMDER»-ի փոխնախագահ, իրավապաշտպան Ալի Օների հետ։
Զրույցում Օները, մեկնաբանելով Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում կրթություն ստանալու իրավունքից զրկելու լուրերը, շեշտել է, որ երեխաների կրթության իրավունքը չի կարող կախված լինել նրանց քաղաքացիությունից, ծնողների իրավական կարգավիճակից կամ պետությունների միջև քաղաքական հարաբերություններից.
«Երեխայի կրթության իրավունքը ծնողների կարգավիճակից կախված իրավունք չէ։ Դա հիմնարար իրավունք է, որը երեխան ձեռք է բերում ծննդյան պահից, և որը երբեք չի կարող նրանից խլվել»,- ասել է Օները։
Նրա խոսքով՝ թեև Թուրքիայի օրենսդրական կարգավորումները որոշ դեպքերում հիմնված են միջազգային կանոնների վրա, կազմակերպությունը կրթությունը դիտարկում է որպես յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունք՝ անկախ քաղաքացիությունից, ազգությունից կամ իրավական այլ կարգավիճակից։
«Սա քննարկման կամ սակարկության առարկա լինել չի կարող։ Բացարձակապես անընդունելի է երեխաներին դիտարկել որպես մի խումբ, որը կարող է զոհաբերվել երկրների միջև քաղաքական վեճերին կամ հարաբերությունների վերելքներին ու վայրէջքներին»,- շեշտել է Օները։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերը, այդ թվում՝ երեխաների իրավունքները կարգավորող փաստաթղթերը, նախատեսում են երեխայի լավագույն շահի առաջնահերթություն և կրթության իրավունքի իրականացում՝ առանց խտրականության։
Օների խոսքով՝ պետությունները երեխաների կարգավիճակից բխող խնդիրները պետք է լուծեն ոչ թե նրանց կրթությունից զրկելու, այլ նրանց իրավունքները պաշտպանող լուծումներ մշակելու միջոցով։ Խնդրի կարգավորման ձգձգումը, ըստ նրա, կարող է հանգեցնել նաև այլ իրավունքների խախտման։
«Երեխայի լավագույն շահը պետք է վեր լինի բոլոր վարչական գործողություններից։ Անհրաժեշտ է անհապաղ պարզել, թե ինչ իրավական կամ վարչական խոչընդոտներ կան երեխաների կրթության ճանապարհին, ինչու նրանք չեն կարող հաճախել այդ դպրոցներ, և ինչու նրանց ավարտական փաստաթղթեր չեն տրամադրվում։ Այնուհետև այդ խոչընդոտները պետք է վերացվեն»,- ասել է փոխնախագահը։
Օները զգուշացրել է, որ կրթական գործընթացի ընդհատումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների ապագայի, սոցիալական զարգացման, հոգեբանական բարեկեցության և հասարակությանը ինտեգրվելու հնարավորությունների վրա։ Նրա խոսքով՝ հարցն այդ պատճառով անհետաձգելի լուծում է պահանջում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «MAZLUMDER»-ը դեռևս չունի սահմանափակումից արդեն տուժած կամ հնարավոր փոփոխությունից ազդելու վտանգի տակ գտնվող երեխաների թվի վերաբերյալ հստակ տվյալներ։ Կազմակերպությունը դեպքի մասին տեղեկացել է մամուլից և կապ է հաստատել «Ակոս»-ի հետ, սակայն տուժած ընտանիքներից անմիջական դիմումներ դեռ չի ստացել։
«Մենք տեղեկություն չունենք, թե արդյոք խոսքը մեկ, տասնյակ կամ ավելի մեծ թվով երեխաների մասին է։ Որպես մարդու իրավունքների կազմակերպություն՝ կոնկրետ դեպքի վերաբերյալ գնահատական տալու համար պետք է անմիջական կապ հաստատենք խնդրին առերեսված անձանց հետ։»,- պարզաբանել է նա։
Օները պատրաստակամություն է հայտնել իրավական և վարչական աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք խնդրի վերաբերյալ կդիմեն կազմակերպությանը։ Նրա խոսքով՝ «MAZLUMDER»-ը պատրաստ է ուսումնասիրել նրանց առջև ծառացած խոչընդոտները, խնդիրը ներկայացնել համապատասխան մարմիններին և հրապարակային նախաձեռնություններով աջակցել ընտանիքներին։
Թուրք իրավապաշտպանը նաև նշել է, որ ՀՀ քաղաքացի երեխաները համապատասխան իրավական կարգավիճակ ունենալու դեպքում կարող են սովորել Թուրքիայի պետական դպրոցներում։ Սակայն խնդիրը միայն կրթության ֆիզիկական շարունակականությունը չէ։ Պետական դպրոց տեղափոխվելը կարող է երեխաներին զրկել մայրենի լեզվով սովորելու, սեփական մշակույթին հաղորդակից լինելու և հայկական համայնքի հետ կապ պահպանելու հնարավորությունից։ Բացի այդ, ազգային պետությունների կրթական համակարգերի՝ ներգաղթյալ երեխաներին իրենց ընդհանուր համակարգում ներառելու քաղաքականությունը կարող է նպաստել փոքրամասնությունների լեզվական և մշակութային առանձնահատկությունների աստիճանական կորստին։
«Ազգային պետության տրամաբանության շրջանակներում փոքրամասնությունները և «ուրիշները» հաճախ ձուլվում ու անտեսանելի են դառնում։ Դա տեղի է ունենում տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում»,- ասել է նա։
Օների խոսքով՝ կազմակերպությունը թուրքական իշխանություններից ակնկալում է այնպիսի լուծում, որը կապահովի երեխաների կրթության շարունակականությունը, համապատասխան կրթական փաստաթղթեր ստանալու հնարավորությունը և չի վնասի նրանց սոցիալական ու հոգեբանական զարգացմանը․
«Երեխան դպրոց գնալիս չպետք է ստիպված լինի մտածել՝ «իսկ հիմա ի՞նչ է լինելու»։ Եթե ընտանիքները դիմեն մեզ, մենք այս գործընթացի հետևողական մասնակիցը կլինենք։ Որպես մարդու իրավունքների կազմակերպություն՝ պատրաստ ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որևէ երեխա չտուժի»,- եզրափակել է Ալի Օները։
Նշենք, որ Ստամբուլի հայկական դպրոցները ՀՀ քաղաքացի երեխաներին ընդունում են 2012 թվականից՝ Թուրքիայի «Մասնավոր ուսումնական հաստատությունների կանոնակարգի» հիման վրա, որով օտարերկրյա քաղաքացիներին թույլատրվում է սովորել «հյուր աշակերտի» կարգավիճակով՝ առանց դիպլոմ ստանալու իրավունքի։ Այս կարգավորումը հայկական դպրոցներում կիրառվում է շուրջ 14 տարի։








