Թուրքիայի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանքի արտահանումը 2026 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16,2%-ով՝ հասնելով 6,3 մլրդ դոլարի։
Ոլորտին բաժին է ընկել Թուրքիայի ընդհանուր արտահանման 3,4%-ը։ Միևնույն ժամանակ միայն օգոստոսին պաշտպանական և ավիատիեզերական արտադրանքի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է 38,7%-ով և կազմել 511 մլն դոլար։
Օգոստոսի դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ոլորտի արտահանման ընդհանուր ծավալը հասել է 10,3 մլրդ դոլարի՝ աճելով 29,3%-ով։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Հալուք Գյորգյունը հայտարարել է, որ արտահանման ցուցանիշները վկայում են երկրի ինժեներական կարողությունների, արտադրական ներուժի և միջազգային շուկաներում աճող ազդեցության մասին։
Նշենք, որ օգոստոսին Թուրքիայի արտահանման առաջատար ոլորտը շարունակել է մնալ ավտոմոբիլային արդյունաբերությունը՝ 2,79 մլրդ դոլար ցուցանիշով։ Քիմիական արդյունաբերության արտահանումը կազմել է 2,70 մլրդ, իսկ էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքինը՝ 1,73 մլրդ դոլար։








