Իրանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցություններին և աջակցում է տարածաշրջանային խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի տեղակալ, Բյուջեի և պլանավորման կազմակերպության նախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին՝ Թեհրանում ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Հայաստանը, որպես Կովկասի կարևոր տարածաշրջանում մեր հարևան, հատուկ տեղ է զբաղեցնում մեր քաղաքականության մեջ: Խաղաղությունը Կովկասում ռազմավարական քաղաքականություն է, և մենք, աջակցելով հարևանների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, դեմ ենք Կովկասի տարածաշրջանում ուժի կիրառմանը: Այս տարածաշրջանը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական մրցակցությունների ասպարեզի։ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վտանգում է խաղաղությունը, և տարաձայնությունները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների միջոցով»,- ասել է Փուրմոհամմադին։
Նա նշել է, որ Իրանը և Հայաստանը վերջին տարիներին զարգացրել են համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և զբոսաշրջության։
Փոխնախագահը, որպես երկու երկրների ռազմավարական առաջնահերթություն, նշել է նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի զարգացումը։ Նա նաև անդրադարձել է Սյունիքի մարզում Քաջարանի թունելի շինարարության մեկնարկին՝ նշելով, որ այն կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է։








