ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում Հայաստանի հասեցին հնչեցրած հայտարարություններին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:
Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիևը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։
Եթե պարոն Ալիևը վերոնշյալ հեղինակներին չի վստահում, գոնե բարի լիներ կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փևչևիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջևդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլև ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ քրիստոնյա բնակիչների հետ։
Հակառակ դեպքում 19-րդ դարի որևէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը և Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում:
Կարծել ենք, թե պարոն Ալիևի իմացությունը նրան պիտի թույլ տար լավ իմանալ դեռևս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս, ի դեպ, մինչև պարոն Ալիևի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնն էր:
Եվ ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով:
Պարոն Ալիևը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել:
Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչև 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, ապա այն որևէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կհարստացնեն պարոն Ալիևի գիտելիքները։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիևի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է՝ Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը:
Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, և քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը:
Ի վերջո, վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձև է առաջարկել. Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այս բանաձևը չի ընդունում պարոն Ալիևը, պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:
Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում:
Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը:
Պարոն Ալիևը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»։