Լիբիայի ազգային բանակի հրամանատար Մարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ ինքը մտադիր է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ու օտարերկրյա վարձկաններին։
Ըստ նրա՝ Լիբիան այժմ վտանգի տակ է, և «նրա ներկային ու ապագային սպառնում է ատելի թուրքական գաղութատիրությունը»:
Հաֆթարը կարծում է, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Լիբիայի միասնության և տարածաշրջանում կայունության համար: Այս պատճառով Լիբիայի ազգային բանակը կշարունակի ստեղծել իր ուժերը՝ լիբիացիներին պաշտպանելու համար, ասել է Հաֆթարը:
Նշենք, որ 2011թ-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարել է գոյություն ունենալ որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն:
Ռուսաստանը, Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եգիպտոսը աջակցում են Լիբիայի ազգային բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարին, որը վերահսկում է երկրի արևելյան հատվածները, իսկ Թուրքիան աջակցում է Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը՝ Ֆայեզ ալ-Սարաջի գլխավորությամբ։
Մայիսից սկսած Ազգային համաձայնության կառավարությունը երկրում հաջողություններ է գրանցում ու գրավել է մի քանի քաղաքներ։ Թուրքիան Լիբիայում դերակատարում է ձեռք բերել նաև Տրիպոլիի հետ էներգետիկ պայմանագրերի միջոցով քաղաքացիական պատերազմին միջամտելով։