«Իսրայելը հայտնվել է Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների կողքին՝ աջակցելով Ադրբեջանին Հայաստանի հետ ներկայիս հակամարտությունում, և ի վերջո տուժելու է այդ ոչ սուրբ դաշինքի հետևանքներից»,-The Jerusalem Post–ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն Իսրայելին մեղարել է Ադրբեջանին զինելու մեջ, որը «ցեղասպանություն է իրականացնում ԼՂ-ում հայերի դեմ»: Փաշինյանը նշել է, որ Իսրայելը շատ ակտիվ ներգրավված է հակամարտության մեջ, քանի որ իսրայելական ԱԹՍ-ները ակտիվ կիրառվում են ԼՂ-ի պատերազմում:
«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է հետևյալի մասին մտածի: Վարձկանները, իսլամիստ ահաբեկիչները և Իսրայելն ըստ էության նույն կողմում են, այնպես որ Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք դա իրոք հարմար դիրք է»,-ասել է Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով վարձկանների հավաքագրման գործընթացի վերաբերյալ:
Խոսելով Իսրայելի նախագահի՝ Հայաստանին առաջարկած մարդասիրական օգնության մասին, Փաշինյանն ասել է․ «Վարձկաններին զենք վաճառող երկրի՞ մարդասիրական օգնությունը, որը նրանք օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար։ Կարծում եմ՝ Իսրայելը այդ օգնությունը պետք է ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։
«Իսրայելը պետք է իրեն հարց տա՝ արդյոք ինքը դե ֆակտո չի կռվում վարձկանների հետ ԼՂ-ում: Արդյոք դա իր համար հարմար դիրք է: Եթե այո, Աստված իր հետ: Սակայն ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք ստիպված կլինեք բախվել այդ հետևանքների հետ»,-ասել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ ժամանակի հարց է, մինչ Թուրքիայի «իմպերիալիստական փառասիրությունը» կուղղվի դեպի Իսրայելը:
Հարցին, թե արդյոք նա զգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան սիրիացի վարձկաններին կենտրոնացնելու է Երուսաղեմի վրա՝ վարչապետն ասել է, որ ինքը ոչ թե նախազգուշացնում է որևէ կոնկրետ բանի մասին, այլ «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի ստեղծման մասին և բացերի մասին, որոնք ի հայտ են եկել միջազգային անվտանգության համակարգում», իսկ եթե կան բացեր, միջանցքներ և անցքեր, ինչ-որ մեկը փորձելու է դրանցով անցնել: «Եվ դա պարտադիր չէ, որ լինի մեկ տարածքում կամ երկու տարածքում, երթևեկություն կլինի բոլոր հնարավոր ուղղություններով»,-եզրափակել է Փաշինյանը:






