Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է արցախյան հիմնահարցի, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունների ուսումնասիրություն:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2020 թվականի կատարած աշխատանքները՝ նշեց, որ խմբի աշխատանքներն օտար լեզվով հասանելի են դարձվելու այլ երկրների գիտական հանրությանը:
«Նախորդ տարվա 44-օրյա պատերազմի ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, որ զգալի խնդիր ունենք մեր հարցերն օտար լեզուներով, գիտականորեն ներկայացնելու դրսի գիտական հանրությանը: Այդ իսկ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձևավորեցինք խումբ, որն ուսումնասիրելու է արցախյան հիմնահարցը, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները: Ու նրանց աշխատանքները գիտականորեն օտար լեզվով ներկայցնելու ենք: Արդյունքներն իհարկե, միանգամից չեն դրսևորվի, բայց առաջիկայում վստահաբար կլինեն»,- ասաց Հարություն Մարությանը: Խմբում ներկայում ընդգրկված է երեք գիտաշխատող: Հարություն Մարությանը հույս հայտնեց, որ այդ ձևավորված խումբը կդառնա արդեն բաժին:
Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Հարություն Մարությանը նշեց, որ ԳԱԱ հայագիտության և հումանիտար բաժանմունքի, ԵՊՀ-ի հետ միասին որոշել են այս տարվա սեպտեմբերի 16-18-ն անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության և հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով:
Առաջիկայում թանգարանի ուշադրության կենտրոնում են լինելու նաև Հայոց ցեղասպանության թեմատիկայով դասավանդման հետ կապված հարցերը: Ոլորտը հանգամանալից ուսումնասիրելու, խնդիրները վերհանելու, քննարկելու նպատակով 2022 թվականին նախատեսվում է անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով:
«Պետք է վերհանենք, հասկանանք, թե ինչպես է դասավանդվում Հայոց ցեղասպանությունը թե դրսում, թե ներսում, ինչ խնդիրներ կան, ինչպես դրանք լուծել: Կարծում եմ, որ այստեղ աշխատելու տեղ կա»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: