Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ կայացել է ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը:
Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Կողմերը փոխանակեցին մտքեր և քննարկեցին խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծեց, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:
Իր խոսքում քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:
Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորեց նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:
Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար: