Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ ուժերի համար մզկիթ է կառուցվում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նախարարի խոսքով՝ մզկիթի կառուցման պատճառն այն է, որ խաղաղապահների շարքում նաև մահմեդականներ կան։
«Մզկիթի կառուցման աշխատանքներն ընթանում են, այն կծառայի միայն խաղաղապահ առաքելության կազմում ներգրավված, մահմեդականություն դավանող զինծառայողներին»,- նշեց ԱԳ նախարարը։
Հարցին՝ մինչև կառուցումը սկսելը Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցը համաձայնեցվե՞լ է, Բաբայանը պատասխանեց, որ դա այնպիսի գործընթաց է, որը համատեղ որոշում է պահանջում։
«Տեղյակ չեմ, բայց, իհարկե, պետք է լինի։ Ընդհանրապես, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական բանակում սա ավանդույթ է, չէ՞ որ մենք էլ կառուցում ենք եկեղեցիներ, մատուռներ, հատկապես՝ Պաշտպանության բանակում։ Այնպես չէ, որ դա ունի քաղաքական, առավել ևս՝ հակահայկական մոտեցում, պարզապես իրենց օգտագործման, հավատացյալների սպասարկման համար է»,- ընդգծեց Բաբայանը։
«Մենք որևէ կրոնի հանդեպ անհանդուրժողականություն չենք ցուցաբերել և միշտ դատապարտել ու դատապարտում ենք Ադրբեջանի այն քաղաքականությունը, որը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական»,- նկատեց ԱԳ նախարարը։
Նշենք, որ Ստեփանակերտում մզկիթ կառուցելու մտադրության մասին Արցախի իշխանությունների կողմից պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել․ դրա մասին հանրությունը իմացել է տելեգրամյան ալիքներից մեկով տարածված լուսանկարի շնորհիվ։