Սաուդյան Արաբիան Իսրայելին դիտարկում է որպես «պոտենցիալ դաշնակից », սակայն այն պետք է լուծի իր խնդիրները պաղեստինցիների հետ: Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բըն Սալմանը՝ ամերիկյան «Atlanitc» թերթին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին՝ թե արդյոք Սաուդյան Արաբիան հետևելու է արաբական որոշ պետությունների օրինակին՝ կարգավորելով հարաբերությունները Իսրայելի հետ, Մուհամմադ Սալմանն ասել է.
«Ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև գործող համաձայնագիրը ենթադրում է, որ ոչ մի պետություն չի ցուցաբերելու այնպիսի վարքագիծ, որը կարող է վնասել խորհրդի մյուս անդամ պետություններին»:
Թագաժառանգը նաև ավելացրել է, որ ցանկացած պետություն իրավունք ունի հարաբերությունները կարգավորել, ինչպես, օրինակ, դա արեց Արաբական Միացյալ Էմիրությունները:
«Հույս ունենք, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև խնդիրը կլուծվի: Մենք Իսրայելին ոչ թե դիտարկում ենք թշնամի, այլ պոտենցիալ դաշնակից մեր շահերում, որոնք հետապնդում ենք , սակայն մինչ սրան հասնելը շատ խնդիրներ պետք է լուծվեն»,- ասել է Մուհամմադ Սալմանը: