ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերին պատկանող 8 միավոր C-17 Globemaster տեսակի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել Իսրայելում վերջին երկու շաբաթների ընթացքում:
Բոլոր ինքնաթիռները վայրէջք են կատարել Իսրայելի ռազմաօդային ուժերի Նևաթիմ ավիաբազայում և օդ են բարձրացել վայրէջքից մոտ մեկ ժամ անց:
Պարզ չէ, թե ինչու են ռազմատրանսպորտային ինքնաթիռները վայրէջք կատարել Իսրայելում: Ենթադրվում է, որ ինքնաթիռները փոխադրում էին երկու երկրների միջև ռազմական ոլորտում կնքված պայմանագրերի հետ կապված սարքավորումներ:
Նշենք, որ Boeing C-17A Globemaster III-ը չորս շարժիչով ռազմատրանսպորտային ինքնաթիռ է, որը կարող է տեղավորել հսկայական բեռներ՝ մինչև 164,900 ֆունտ, թռչել 2,400 ծովային մղոն և վայրէջք կատարել 3,000 ոտնաչափ կամ ավելի փոքր թռիչքուղիներով օդանավակայանում:
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն և Իսրայելը հարաբերությունները կարգավորել են 2020 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ ստորագրելով «Աբրահամյան արձանագրությունները»: