Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի այցն Իսրայելից Սաուդյան Արաբիա կլինի Իսրայելի և արաբական աշխարհի միջև «ծաղկող հարաբերությունների և կարգավորման քայլերի» փոքրիկ խորհրդանիշ: Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է The Washington Post-ում հրապարակված հոդվածում։
Հոդվածում Բայդենն ընդգծել է, որ նա կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով Իսրայելից կժամանաի Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա քաղաք:
«Ես գիտեմ, որ շատերը համաձայն չեն Սաուդյան Արաբիա մեկնելու իմ որոշման հետ»,- գրել է Բայդենը։
«Մարդու իրավունքների վերաբերյալ իմ տեսակետները հստակ են և երկարատև, իսկ հիմնարար ազատությունները միշտ օրակարգում են, երբ մեկնում եմ արտերկիր, ուստի դրանք օրակարգում կլինեն նաև այս ուղևորության ընթացքում»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ Բայդենը հուլիսի 15-16-ը Սալման թագավորի հրավերով կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ կմասնակցի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին: ԱՄՆ նախագահը նախքան Սաուդյան Արաբիա ժամանելը կայցելի նաև Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն: Ամերիկյան կողմը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանին մեղադրում է Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության մեջ: