Արցախում դեմ չեն Բաքվի հետ երկխոսությանը, սակայն բանակցությունը պետք է տեղի ունենա միջազգայնորեն ճանաչված հարթակի շրջանակում, իսկ միակ ճանաչված հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ՀՀ ազգային ժողովի նախագահի ու Արցախի պատվիրակության հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Երևանից հնչող այն հայտարարությանը, որ կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները:
«Մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը: Ընդհակառակը, երբ 1996 թվականից հետո, փաստորեն, Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը: Հիմա այս ձևաչափի վերականգնումը նույնպես մնացել է մեր օրակարգում: Սակայն, այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս: Գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ մի շարք փաստաթղթերում նշված է, որ Արցախը և՛ բանակցությունների, և՛ հակամարտության կողմ է:
Նա ընդգծեց՝ Ադրբեջանը, սակայն, պատասխանում է, որ չի ուզում, չի բանակցելու որպես կողմ՝ իրենց հետ:
«Մենք ասում ենք՝ թող վերականգնվի ձևաչափը, բանակցենք: Բայց, եթե ինչ-որ մեկը մտածում է, թե բանակցությունները պետք է ստանան այն երանգը, որ «աբորիգեն ինչ-որ ցեղախումբ»՝ ի դեմս Արցախի, պետք է փոշմանած գնա ու «մայր երկրից»՝ Ադրբեջանի, ներողություն խնդրի ու խնդրի նորից ընդգրկել իր կազմ՝ չի՛ լինելու»,-նշեց Բաբայանը:
Նա հավելեց, որ այս մասին ասել են նաև Հայաստանի իշխանությանը, որոնք, բնականաբար, հասկանում են դա: