ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը և դրան հասնելու համար հետևողական աշխատանքի իրականացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում:
Վարչապետը նախ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: «Հասկանալի է, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում: Բայց պետք է կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը՝ առավել ևս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր պետք է չլինի շեղել այս օրակարգից»,-ասաց Փաշինյանը:
Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծեց, որ պետք է շարունակել իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, հայաստանյան և սփյուռքի անհատների և կազմակերպությունների համատեղ ջանքերը՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ: Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն երկրներն ու կազմակերպություններին, որոնք ստեղծված իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն և անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների և երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների վրա:
Նա ընդգծեց՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, թե ԼՂ-ի գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: «Ակնհայտորեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է: Եվ մենք հետևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ»»,-նշեց Փաշինյանը:
Վարչապետի համոզմամբ՝ ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և հայկական կողմն առաջնորդվելու է հենց այս տրամաբանությամբ՝ հասկանալով բոլոր դժվարություններն ու բարդությունները: