Գերմանիան աջակցում է Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների հարցում, քաղաքական դաշտում և այլն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը ՀՀ ազգային ժողովում անցկացվող միջոցառման շրջանակում, որում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և «Բեռլին Էկոնոմիկս» կազմակերպությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
«Գերմանիան աջակցում է Հայաստանին, աջակցում է հայկական ժողովրդավարությանը, Գերմանիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ տնտեսությունում բարեփոխումներին: Մեր աջակցությունը սկսվում է քաղաքական դաշտից, դա աջակցությունն է խաղաղության գործընթացի համար՝ այնքանով, որքանով մենք կարող ենք օգնել: Մեր աջակցությունը նաև ներառում է հումանիտար օգնություն, որը շատ կարևոր է: Երկու օր առաջ մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ևս 2 միլիոն եվրո ենք տրամադրել տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում կարևոր աշխատանքի համար: Մեր աջակցությունը նաև տնտեսական համագործակցությունն է»,-ասաց փոխդեսպանը:
Նա հիշեցրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել են ֆինանսական համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրի իրականացման համար:
«Համագործակցությունը, որ մենք տեսնում ենք այսօր, շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Թինտրուպը՝ հավելելով, որ շատ ուրախ են նաև Հայաստանի խորհրդարանի և «Բեռլին Էկոնոմիկս»-ի թիմի համագործակցության համար:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ դեռ անցյալ տարվա սկզբին Գերմանիա այցելության ժամանակ հանդիպել են «Բեռլին Էկոնոմիկս»-ի գործընկերների հետ: Եվ, քանի որ «Բեռլին Էկոնոմիկս»-ը Հայաստանի կառավարության հետ արդեն երկար ժամանակ ունի համագործակցություն, ցանկություն են հայտնել, որ նաև ԱԺ-ի հետ լինի համագործակցություն: «Այսինքն՝ «Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետները նաև, ըստ անհրաժեշտության, մեզ համար որոշակի վերլուծություն կամ խորհրդատվություն մատուցեն: Գերմանացի գործընկերները համաձայնել են: Պայմանավորվել էինք, որ անցյալ տարի հանդիպենք ու համագործակցության հուշագիր ստորագրենք, սակայն անցյալ տարի այս օրերին եղավ ադրբեջանական ագրեսիան, և ստիպված հետաձգեցինք միջոցառումը: Հիմա անում ենք այն, ինչ արդեն 1 տարի առաջ պետք է արած լինեինք»,-ասաց Թունյանը:
«Բեռլին Էկոնոմիկս»-ի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին նշեց, որ տարբեր մակարդակի երկխոսություն ունեն կառավարության հետ, ուրախ են նաև խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ համագործակցությամբ, որը ևս ազդեցություն ունի երկրում առկա իրավիճակի վրա: Նա ուրախ է, որ համագործակցության հուշագրով աշխատանքը դարձնում են պաշտոնական:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև «Բեռլին Էկոնոմիկս»-ի վերլուծությունների արդյունքները՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման տնտեսական հետևանքների վերաբերյալ և Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի մասին: