Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին շեյխ Սաֆի ալ-Դինի Արդաբիլիի ոգեկոչման արարողության առնչությամբ անդարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ նշելով, որ թշնամին միշտ փորձել է դավեր նյութել Իրանի տարածքային ամբողջականության ու միասնության դեմ, իսկ Ատրպատականը, որի վրա ամենից շատն է եղել թշնամու աչքը, միշտ թշնամու դեմ պայքարի առաջամարտիկ է եղել։
«Նման պայմաններում միշտ պայքարի առաջամարտիկ եղած Ատրպատականի ժողովրդի պարտականությունը շատ ծանր է, հատկապես՝ Հարավային Կովկասի անվտանգությունը խաթարելու նպատակով հյուսված դավադրությունների դեմ։ Վերջին տարիներին տարածաշրջանի որոշ երկրներ փորձել են տարբեր պատճառներով, ինչպես օրինակ Հայաստանում «տնտեսական միջանցք» ստեղծելով, վտանգել Արևելյան և Արևմտյան Ատրպատականի, Արդաբիլի բնիկ ու իսլամական կառուցվածքը։ Բայց այդ ծրագրերի հիմնական նպատակը Հարավային Կովկասում, Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության համար հիմքեր ստեղծելն է, սցենար, որը խոստովանել են նաև ամերիկացի որոշ գործիչներ և Թուրքիայի պանթյուրքիստները։ Այս նախագիծը Բայդենի կառավարության օրոք ներկայացվել է որպես «Ուկրաինայի այլընտրանք»՝ Իրանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ուժերից բաղկացած ռազմական պատ կառուցելու և Իրանին ու Ռուսաստանին հյուսիսից ու հարավից միաժամանակ շրջափակելու նպակատով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենասկզբից էլ ամենաբարձր մակարդակով հստակ դեմ է արտահայտվել դրան և Ադրբեջանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելով ու զորավարժություն անցկացնելով՝ հստակ ուղերձ տվել թշնամիներին։ Գեներալ Բաղերիի հիշատակին կազմակերպված զորավարժությունները վկայում են, ու «կանխարգելումը» շատ ավելի ազդեցիկ է, քան «բուժումը»։ Այսօր էլ թշնամիները, «Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերով՝ տնտեսական զարգացման քողի տակ, ձգտում են սպառնալ Իրանի ազգային միասնությանը և տարածքային ամբողջականությանը, բայց մենք կկանգնենք ցանկացած դավադրության և անջատողականության դեմ»,-ասել է Վելայաթին։







