Եգիպտոսում գտնվող Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Հ․ Ֆիդանը Եգիպտոսի ԱԳ նախարար Բեդր Աբդելաթի հետ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Վաշինգտոնում կնքված ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ փաստաթղթի վերաբերյալ հարցին:
TRT-ի լրագրողի հարցը․ «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հաստատել են, որ կբացվի տրանսպորտային միջանցքը, որը օրակարգ էր եկել երկու երկրների միջև 2020թ․ միջև համաձայնեցված պայմանագրի 9-րդ կետով։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացման նպաստը/ազդեցությունը տարածաշրջանային կայունության վրա»։
«Երեկ Վաշինգտոնում կեսօրին, իսկ այստեղի ժամով գիշերը Կովկասի վերաբերյալ ստորագրված այս համաձայնագիրը կարևոր զարգացում է։ Կողմերի միջև բավականին երկար ձգված բանակցային գործընթաց է եղել։ Այդ բանակցություններում մեծամասամբ համաձայնեցրել էին այն տեքստը, որը երեկ նախաստորագրել են Վաշինգտոնում։ Տեքստից դուրս են մի շարք հարցեր, որոնցից մեկն, ինչպես դուք նշեցիք Զանգեզուրի միջանցքն է։ Այս պայմանների հասունացմամբ հույս ունենք, որ առաջիկայում, կտեսնենք նաև նախաստորագրված տեքստի ստորագրումը։ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված այս արարողությունը չափազանց կարևոր է։ Երջանիկ ենք, որ մեր տարածաշրջանում, որտեղ այսքան հակամարտություններ կան, առնվազն Կովկասում մնայուն խաղաղության ուղղությամբ հույս է երևում», պատասխանել է Ֆիդանը։
Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան այս առիթով երկու կողմերի կատարած խիզախ քայլերը գնահատում ենք։ Գնահատում ենք նաև այս հարցում ԱՄՆ-ի կառուցողական նախաձեռնությունը։
«Հիմա գիտեք, որ կողմերն ընդհանրական համաձայնություն ունեն, մանրամասները դեռ քննարկվելու են։ Երեկ համաձայնագիրը ստորագրվելուց հետո իմ գործընկեր Բայրամովի հետ երկար զրուցել ենք ստորագրված համաձայնագրի վերաբերյալ։ Առանց այդ էլ մեզ նախօրոք տեղեկացրել էին։ Հնարավորություն ունեցանք քննարկելու, թե այնպես էր, ինչպես մեզ տեղեկացրել էին, թե այլ մանրամասներ էլ են եղել։ Այդ ընթացքում խոսեցինք նաև միջանցքի մասին։ Իհարկե, եթե մեր երկուստեք տեսլականի, ռազմավարության մեջ առկա միջանցքը կյանքի կոչվի, ապա Զանգեզուրի միջանցքը կդառնա Եվրոպայից մինչև Ասիայի խորքերը անարգել հասնող տրանսպորտային միջանցքի կարևոր առանցքը։ Սա Թուրքիան Կովկասի, Կասպից ծովի վրայով կկապի ոչ միայն Կենտրոնական Ասիային, այլ ուղիղ Թյուրքական աշխարհին, իսկ վերջինին էլ Թուրքիայի տարածքով՝ Եվրոպային։ Կլինի բազմաֆունկցիոնալ ճանապարհ։ Ես կարծում եմ, որ դա շատ լավ/դրական զարգացում կլինի։ Տա Աստված, կարճ ժամանակում կյանքի կկոչվի։ Ինչպես ասացի, մենք մի տեսլական ունենք․ այն ինչ ուզում ենք Կովկասի համար, ուզում ենք նաև Մերձավոր Արևելքի համար, այն, ինչ ցանկանում ենք Մերձավոր Արևելքի համար, ցանկանում ենք նաև սևծովյան ավազանի համար, նույնը՝ միջերկրածովյանի ավազանի համար, Բալկանների համար։ Եվ դա խաղաղության, կայունության մեջ բոլորի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ հարգանքով, ոչ թե ուժի, այլ համագործակցության միջոցով խաղաղության ավազան ստեղծելն է, որի հիմքի վրա կդրվի տնտեսական զարգացումը, առևտուրը և կբարձրացվի հասարակությունների բարօրությունը»։








