Օգոստոսի 28-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ հայտարարություն/շահարկումը չնայած բացառիկ էր այն առումով, որ առաջին անգամ է Իսրայելի գործող ղեկավարի կողմից նման հայտարարություն հնչեցվում, այնուամենայնիվ, այն ընդամենն անձնական մակարդակում արձանագրված իրողություն է, առանց պետության համար համապատասխան պատասխանատվության։
Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Քանի որ այդ երկիրը խորհրդարանական պետություն է՝ նրա կողմից ճանաչումը կարող է լինել բացառապես օրենսդիր մարմնի՝ Քնեսեթի կողմից ընդունված և հետագա ընթացակարգով ուժի մեջ մտած իրավական ակտի միջոցով։
Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումներն սկսվել են 2000-ականների սկզբից, մինչդեռ թեման հատկապես ակտիվացել է 2010-ականնրից՝ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո։ Այդ ընթացքում իսրայելապաղեստինյան հակամարտության ակտիվացման տարբեր շրջափուլերում Իսրայել-Թուրքիա հարաբերություններում արձանագրված լարվածության ֆոնին Թուրքիայի տարբեր աստիճանի պաշտոնյաներ Իսրայելի իշխանություններին մեղադրել են պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Դրան ի պատասխան՝ Երուսաղեմից հնչած հայտարարություններում Անկարային կոչ է արվել առերեսվել սեփական « ոճրագործ անցյալի» հետ։
Խորհրդարանական մակարդակում առաջին անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման պաշտոնապես քննարկվել է 2011 թ. Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում։
2013 թ. ապրիլին Քնեսեթը հատուկ նիստ է անցկացրել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առնչությամբ։
2016 թ. փետրվարին Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով կառավարությանը հետևել օրինակին։
2018 թ. մայիսին ձախակողմյան Մերեց կուսակցության նախաձեռնությամբ Քնեսեթում նախատեսված Հայոց ցեղասպանության քվեարկության հարցը հանվել է խորհրդարանի օրակարգից՝ խոսնակի՝ Նեթանյահուի կուսակից Յուլի Էդելշտեյինի կողմից(նա ևս անձնական մակարդակում ճանաչել է Ցեղասպանությունը)՝ քաղաքական հիմնավորումներով։
2019 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է այն ժամանակվա ընդդիմության առաջնորդներից՝ «Կա ապագա» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, որը հետագայում զբաղեցրել է այդ երկրի ԱԳ նախարարի և վարչապետի պաշտոնները։
2024 թ. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը X–ում օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը:
Ընդհանուր առմամբ, Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում զգալի դերակատարում են ունեցել ձախակողմյան «Մերեց» կուսակցության ներկայացուցիչներ Հայիմ Օրոնը և Զեհավա Գալ-Օնը, նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինը(Լիքուդ), Յակով Մարգին (Շաս) և այլք։
Իսկ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը պայմանավորված է 3 հիմնական գործոններով.
- Հոլոքոստի բացառիկությունն ընդգծելու հանգամանքը։
- Թուրքիայի հետ ռազմավարական նշանակության հարաբերություններին բովանդակային առումով չվնասելու ձգտումը։
- Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների գործոնը։ Վերջինն իր ազդեցության բոլոր լծակներն անցած 1,5 տասնամյակի ընթացքում օգտագործել է թեմայի շուրջ զարգացումները տապալելու նպատակով։
Արդյունքում, ցեղասպանական հանցագործությունից ամենամեծ կորուստը կրած ժողովովրդի՝ հրենաերի կերտած պետությունն ինքն է իրականացնում ցեղասպանություն Գազայի հատվածի բնակչության նկատմամբ, մյուս կողմից էլ ամեն պատեհ առիթի շահարկում է մեկ այլ՝ հայ ժողովրդի ազգային աղետը քաղաքական և քարոզչական նպատակներով։
Արմեն Պետրոսյանը




