Անկարայում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Յաշար Գյուլերն անդրադարձել է երեք երկրների միջև համագործակցությանը և Հարավային Կովկասին։
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է․
«Վերջին զարգացումները հուսադրող են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, հաղորդակցության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջանի մեկնարկի տեսանկյունից։ Այս համատեքստում, մեր այսօրվա հանդիպման ընթացքում, ելնելով մեր տարածաշրջանում խաղաղ ապագա հաստատելու տեսալականից, մենք քննարկումներ ունեցանք՝ նպատակ ունենալով ուժեղացնել երկկողմ և եռակողմ համագործակցությունը լայն առումով, ներառյալ պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերը։ Մենք գոհունակությամբ վերահաստատեցինք, որ այս բոլոր հարցերում ունենք ընդհանուր ըմբռնում» ։
Գյուլերը ընդգծել է, որ որպես Կովկասի երեք առանցքային երկրներ կշարունակեն աշխատել վճռականությամբ ու համերաշխությամբ՝ տարածաշրջանի կայունության, մնայուն անվտանգության ու խաղաղության համար։
«Թուրքիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես խաղաղության ու հանգստության մեջ, ընդհանուր շահերի հիման վրա զարգացող տարածաշրջան, որը ռազմավարական առաջնահերթություն է թե՛ տարածաշրջանային, և թե՛ գլոբալ անվտանգության տեսանկյունից։ Այս առումով ցանկանում եմ ուշադրություն հրավիրել՝ մեր ուժեղ աջակցությանը հարևաններ՝ Ադրբեջանի և Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը»։
Գյուլերը շեշտելով, որ Կովկասը, իր պատմական և ռազմավարական նշանակության շնորհիվ, կարևոր նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային կայունության, այնպես էլ միջազգային անվտանգության հավասակշռության տեսանկյունից, նշել է․
«Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ամուր համագործակցությունը ծառայում է մեր երկրների ընդհանուր շահերին և ակնկալիքներին, միևնույն ժամանակ զգալիորեն նպաստում է Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը։ Մենք վերահաստատել ենք մեր կամքը՝ շարունակելու զարգացնել մեր սերտ և ամուր բազմակողմանի համագործակցությունը՝ ստորագրված Եռակողմ հանդիպման արձանագրությամբ։ Անկեղծորեն հավատում եմ, որ մեր երկրների միջև կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունն առաջիկայում կշարունակի աճել»- նշել է նա: