Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի քաղբանտարկյալ, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլբայի Քյարիմլին ինքնասպանություն է գործել բանտի բուժկետում։ Այս մասին հայտնել են կուսակցությունից, փոխանցում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները։
Կուսակցության նախագահ Ալի Քյարիմլին դեպքի առնչությամբ հայտարարել է, որ եթե դա իսկապես ինքնասպանություն է, ապա բանտում մշտական ճնշումների ու կտտանքների հետևանքով է։
Էլբայի Քյարիմլին ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նա 2023թ․ օգոստոսին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա «Ստալին» գրությունն էր թողել։ Պաշտոնապես նրան ձերբակալել և 6 տարվա ազատազրկման էին դատապարտել «վաճառքի նպատակով մեծ քանակությամբ թմրանյութ պահելու» մեղադրանքով։ Հետագայում կալանքի ժամկետը փոխվել և սահմանվել էր 5 տարի։ Ընթացիկ տարվա հուլիսին հայտնի էր դարձել, որ Քյարիմլիին պատժախուց են տեղափոխել, սակայն պարզ չէ, թե որքան ժամանակով։
2024թ․ իր ձերբակալության քաղաքական դրդապատճառների մասին Քյարիմլին հայտարարել էր․ «Ես այսօր այստեղ եմ, որովհետև Հեյդար Ալիևի արձանի հետնամասում գրել եմ «Ստալին»։ Ոստիկանության բաժանմունքում ինձ ասացին, որ դու պետք է ընտրես կամ թմրանյութ, կամ զենք, հակառակ դեպքում քեզ կմեղադրեն պետական դավաճանության մեջ։ Մենք ռազմական օբյեկտների լուսանկարներ կներբեռնենք քո հեռախոսի մեջ, կմեղադրենք Հայաստանին և Իրանին ռազմական գաղտնիքներ փոխանցելու մեջ։ Կոկորդս չորացավ լսածիցս…»։ Ըստ Քյարիմլիի՝ նրան ստիպել են համաձայնել թմրանյութի մեղադրանքին։
Նշենք, որ Ադրբեջանում ընդհանուր առմամբ շուրջ 400 քաղբանտարկյալ կա, որոնք հիմնականում ձերբակալվում են կեղծ մեղադրանքներով և պարբերաբար կտտանքների են ենթարկվում բանտում։







