02-04-2026 / 02:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբիայում միգրացիոն ճգնաժամը 2025 թվականին

2026/03/11 12:08
Երիտասարդ փորձագետ, Միջազգային

Անվտանգային քաղաքականության, բռնության և իշխանության ինստիտուցիոնալ մասնատման ճակատագրական հետևանքները

2025 թվականին Լիբիայում շարունակվող միգրացիոն ճգնաժամն իրենից ներկայացնում է մարդասիրական ողբերգության, անվտանգային համակարգերի փլուզման և իշխանության ինստիտուցիոնալ մասնատման հետևանքների բարդ համադրություն:

 2011 թվականին Մ․ Քադաֆիի ռեժիմի անկումից հետո երկիրը դարձել է անկայուն մի կենտրոն, որը բնութագրվում է անընդհատ շարունակվող հակամարտություններով, զինված խմբավորումների և հանցավոր ցանցերի առկայությամբ, ինչպես նաև թույլ պետական և կառավարման ​​ինստիտուտներով:

 Միգրանտներն ու փախստականները, մասնավորապես՝ Սահարայի ենթասահարյան Աֆրիկայից, Սուդանից, Պակիստանից և Մերձավոր Արևելքից, պարբերաբար ենթարկվում են բռնության, շահագործման և մահացու ռիսկերի՝ անապատը հատելիս, անօրինական և իշխանությունների վերահսկողությունից դուրս մնացած գոտիներում մնալիս և Միջերկրական ծովը հատելու փորձեր կատարելիս [1]:

2025 թվականին Լիբիայի իշխանությունները հայտարարեցին միգրանտների և փախստականների՝ իրենց ծագման երկրներ վերադարձի քաղաքականության մասին։ Այս քաղաքականության շրջանակում Սահարայի ենթասահարյան Աֆրիկայից  և Բանգլադեշից միգրանտներ ուղարկվեցին իրենց ծագման երկրներ։ Հարկ է նշել, որ չնայած միգրացիոն ճգնաժամը դեռ շարունակվում է Լիբիայում, այնուամենայնիվ,  անօրինական և անկանոն ներգաղթի ցուցանիշները նվազել են, ինչը պայմանավորված է տեղաշարժի վերահսկողության ուժեղացմամբ  [2], ինչպես նաև պետության կողմից իրականացվող վերադարձի քաղաքականությամբ։

Լիբիա- ԵՄ համագործակցություն

Լիբիայի իշխանությունները կարողացել են միգրացիոն համատեքստում սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի և տարածաշրջանային մի շարք պետությունների հետ։

 Այսպիսով, ներքին գործերի նախարար Իմադ Տրաբելսին, դիմել է ԵՄ-ին, Աֆրիկյան Միությանը և արաբական պետություններին՝ ֆինանսապես և տեղափոխման հետ կապված հարցերով աջակցելու Լիբիային՝ իրականացնելու միգրանտներին՝ իրենց ծագման երկիր վերադարձի քաղաքականությանը։ Տրաբելսին ընդգծում է, որ Լիբիայի ստացած օգնությունը «անհամաչափ» է միգրացիոն հոսքերը կառավարելու պետության ստանձնած պարտավորություններին: Վերջինիս խոսքով՝ ԵՄ-ն 2015-2021 թվականներին Լիբիայի իշխանություններին հատկացրել է 465 միլիոն եվրո, իսկ 2021-2027 թվականների համար նախատեսվում է տրամադրել ևս 65 միլիոն եվրո, որոնց մեծ մասը նախատեսված է սահմանների պաշտպանության համար: Լիբիայի իշխանությունները այս աջակցությունը անբավարար են համարում միգրացիոն մարտահրավերի մասշտաբների պատճառով [2]:

Լիբիայի այս պահանջները արդարացվում են այն առումով, որ Լիբիայում հասկանում են, որ իրենք շարունակում են մնալ Եվրոպայի գլխավոր դարպասը։ Հետևաբար, Լիբիայի ճակատագիրը և միգրացիոն գործընթացները անմիջականորեն ազդում են Եվրոպայում տիրող իրավիճակի վրա և փախստականների նոր հոսքերի հայտնվելու վրա։ Կայուն Լիբիան կարևոր է ոչ միայն միգրանտների, այլև տարածաշրջանային անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, անկայունությունը, քաոսը և թերի կառավարումը Լիբիան վտանգավոր են դարձնում ապաստան կամ ավելի լավ կյանք փնտրողների համար։

Միևնույն ժամանակ աշխարհագրական առումով Լիբիան միգրանտների և փախստականների ելքի և մուտքի համար ամենավտանգավոր կետն է՝ հյուսիսում Միջերկրական ծովով և Հարավային Սահարայով պայմանավորված [1], որտեղ մշտապես միգրանտների հետ տեղի են ունենում մահվան դժբախտ պատահարներ;  

Ըստ Լիբիայի ներքին գործերի նախարարության տվյալների՝ վերջին տասնհինգ տարիների ընթացքում Լիբիան ընդունել է մոտ երեք միլիոն անօրինական միգրանտ, ովքեր երբեմն ժամանում են իրենց ընտանիքների հետ։ Ամբողջական ընտանիքների ժամանումը մեծացնում է երկարաժամկետ բնակության և հնարավոր ժողովրդագրական անկայունացման ռիսկերը [2]:

Մահվան ելքով նավաբեկություններ միգրանտների շրջանում

2025 թվականի ընթացքում գրանցվել են բազմաթիվ նավաբեկություններ՝ մահացու հետևանքներով: Զավիայի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվել է առնվազն 16 պակիստանցի միգրանտ, իսկ տասնյակ անձինք համարվում են անհետ կորած [3]: Տոբրուկի մոտ տեղի ունեցած մեկ այլ դեպքի հետևանքով զոհվել է 15 եգիպտացի միգրանտ [4]: Մայիսին Միսրատայի ափերին հայտնաբերվել է ևս վեց միգրանտի դիակ, իսկ հունիսին երկու նավաբեկության հետևանքով անհետ կորել է առնվազն 60 մարդ [5] : Փրկարարական գործողությունների ժամանակ պարզ է դարձել, որ Լիբիայից Իտալիա մեկնող օտարերկրացի միգրանտների խմբում 3 և 4 տարեկան երեխաներ մի քանի օր ծարավ մնալուց հետո մահացել են [7]: Ընդհանուր առմամբ, 2014 թվականից մինչև 2025 թվականի ավարտը Միջերկրածովյան երթուղին խլել է գրեթե 25,000 միգրանտի և փախստականի կյանք, ինչն էլ այս երթուղին դարձնում է աշխարհի ամենավտանգավոր միգրացիոն ուղին[8]:

Զանգվածային գերեզմաններ, բռնություն և համակարգային չարաշահումներ

Ինչպես արդեն նշել ենք, միգրանտներն ու փախստականները Լիբիա մուտք գործելիս և Լիբիայից դուրս գալիս բացասական ազդեցություններ (նաև շատ են մահվան ելքով դեպքերը) են կրում բնական գործոններից, մասնավորապես՝ Միջերկրական ծովից ու Սահարայի անապատից։ Բնական գործոններին զուգահեռ քիչ չեն նաև մարդածին գործոններն՝ իրենց հետևանքներով։

Ասվածի վառ օրինակ կարող են ծառայել Քուֆրայում հայտնաբերված զանգվածային գերեզմանները, որտեղ հայտնաբերվել է մոտ 50 դիակ։ Իրականացված դատաքննությունը հաստատել է դիակների վրա կրակոցների հետքերի առկայությունը։  Որոշ ականատեսներ պնդում են, որ առանձին վայրերում թաղվել է մինչև 70 դիակներ [9], ինչը վկայում է համակարգված սպանությունների և հանցագործությունները թաքցնելու փաստի մասին:

Նմանատիպ  գերեզմանների հայտնաբերումն առանձին և հազվադեպ դեպքեր չեն. նախորդ տարիներին հայտնաբերվել են մի քանի վայրեր, որտեղ նույնպես միգրանտների դիակներ են հայտնաբերվել՝ կրկին խոշտանգումների, սպանությունների և բռնաբարությունների հետքերով։ Սակայն այսքանով չեն ավարտվում միգրանտներին՝ ճանապարհին ուղեկցող դժբախտությունները, քանի որ նրանց մի մասն էլ զոհ է գնում թրաֆիքինգին [9]։

Պետության արձագանքը և մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ ճնշումները

Լիբիական իշխանությունները 2025 թվականին պայքար սկսեցին միգրանտների և նրանց աջակցող մարդասիրական կազմակերպությունների դեմ: Ապրիլին հրամայվեց փակել տասը միջազգային մարդասիրական կազմակերպություններ, այդ թվում՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը և «Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդ»-ը։ Նրանց առաջադրվեց  «ժողովրդագրական առումով Լիբիան վտանգելու» մեղադրանքը [10]: Մարդասիրական աշխատանքը սկսեց համարվել «թշնամական գործունեություն», իսկ մարդասիրական կազմակերպությունները սկսեցին մեղադրվել փողերի լվացման մեջ՝ առանց առարկայական ապացույցների:

Մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ ճնշումներին զուգահեռ տեղի էին ունենում զանգվածային տեղահանություններ: Հուլիսին արևելյան իշխանությունները 700 սուդանցիների, այդ թվում՝ հիվանդների և խոցելի խմբերի, վտարեցին երկրից [12]: Որոշ դեպքերում, տասնյակ միգրանտներ սպանվել կամ մահացել են անապատում՝ սահմանը հատելու փորձի ժամանակ [11]: Ավելի քան 100 միգրանտներ պատանդ են վերցվել փրկագին ստանալու նպատակով, իսկ բռնության ենթարկված մարմինների լուսանկարները հրապարակվել են [6]:

Միգրացիայի Միջազգային Կազմակերպության ՄՄԿ-ի (IOM)  կոչը

ՄՄԿ-ն պարբերաբար քննադատում է միգրացիոն զսպման քաղաքականությունը՝ ընդգծելով, որ վերահսկողությունը, մարդասիրական գործունեության սահմանափակումը և միգրանտների նկատմամբ բռնությունները չեն նվազեցնում միգրացիան, այլ այն դարձնում են ավելի մահացու [13]: Կազմակերպությունը կոչ է անում ավելացնել օրինական միգրացիոն ուղիները, ինչպես նաև ծովային փրկարարական ծառայությունների կարողությունները։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) ընդգծում է, որ պատերազմները, աղքատությունը և կլիմայական աղետները կշարունակեն խթանել միգրացիան, իսկ բռնաճնշողական քաղաքականությունը կմեծացնի բռնությունը և հանցավոր ցանցերի շահույթը [14]:

Փախստականների շրջանում կամավոր վերադարձի միտումները

2025 թվականի նոյեմբերին մեկնարկեցին սիրիացի փախստականների համար առաջին կամավոր վերադարձի ծրագրերը, որոնց արդյունքում 144 մարդ, այդ թվում՝ ամբողջական ընտանիքներ, վերադարձան Սիրիայի՝ պատերազմից տուժած համայնքներ։ Հոմսից փախստական ​​Սամերի դեպքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե որքան բարդ է փախստականի կյանքի ուղին՝ Սիրիայից փախչելը, Լիբիա հասնելը, արդեն Լիբիայի ներսում բռնի տեղահանվելը և աշխատանքի միջոցով կայունանալու փորձը և շարունակական անապահովության զգացողությունը [14]:

Գծապատկեր 1` ըստ IOM-ի  2025 թ․-ի նոյեմբերի 8-ի զեկույցի [15]:

Այնուամենայնիվ Լիբիան ցանկալի նպատակակետ է շատերի համար

Ըստ ՄՄԿ-ի հրապարակած զեկույցի՝ 2024թ․-ի վերջին Լիբիայում եղել է մոտ 824,131 փախստական, մինչդեռ 2025 թ․ մայիս-հուլիս ամիսներին Լիբիայում են գտնվել շուրջ 45 տարբեր ազգերից 894,890 փախստականներ [17]: Հատկանշական է, որ միգրանտների և փախստականների մեծ մասը կազմում են տղամարդիկ։ Միգրանտների և փախստականների սեռային կազմի վերաբերյալ տվյալները ստորև ներկայացված են գծապատկերով․

Գծապատկեր 2` 2025 թվականին Լիբիայում գտնվող փախստականների և միգրանտների սեռային կազմը  ըստ IOM-ի  2025 թ․-ի նոյեմբերի 8-ի զեկույցի [15]:

 Այսպիսով, փախստականների ծագման հիմնական երկրներն են Սուդանը (35%), Նիգերը (21%), Եգիպտոսը (19%), Չադը (9%),  և Նիգերիան (3%) [16]։ Այս տվյալները ցույց են տալիս, որ Լիբիան շարունակում է մնալ փախստականների կենտրոնացման հիմնական կետը՝ երբեմն կատարելով «հիբրիդային» դեր, քանի որ այն ոչ միշտ է ծառայում իբրև մարդկանց ժամանակավոր մնալու տարանցիկ մի երկիր և մեծ թվով մարդկանց նաև երկարաժամկետ մնալու հնարավորություն է տալիս։

Միգրանտների և փախստականների մեծ մասի համար Լիբիան համարվում է Եվրոպայի ճանապարհին գումար վաստակելու միջանկյալ կետ։ Լիբիա ժամանած միգրանտների աշխատանքային զբաղվածությունը մեծ մասամբ մնում է ոչ պաշտոնական և չգրանցված։ Չնայած միգրանտների 76%-ը նշել է, որ աշխատում է, հիմնականում՝ շինարարության, գյուղատնտեսության և տնային աշխատանքների ոլորտներում, մեծամասնությունը (80%) ապավինում է բանավոր համաձայնություններին, առանց գրավոր աշխատանքային պայմանագրերի։ Միգրանտների միայն 2%-ն ունի պաշտոնական աշխատանքային պայմանագրեր [17], ինչն արտացոլում է աշխատանքային պաշտպանության լայնորեն տարածված բացակայությունը:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որԼիբիայում 2025 թվականին միգրացիոն ճգնաժամը մարդասիրական ողբերգության, երկարատև հակամարտության, քաղաքական գործընթացների հետևանք է։ Զանգվածային գերեզմանները, նավաբեկությունները, տեղահանությունները և բռնությունը վկայում են խորը ճգնաժամի մասին, որտեղ միգրանտները բազմակի անգամ զոհեր են դառնում՝ հանցավոր ցանցերի, բռնաճնշող կառավարությունների և անտարբեր պետությունների ձեռքին։

Ինչպես նաև երկրորդ գծապատկերում բերված տվյալներից պարզ է դառնում, որ վերադարձող և վերադարձվող միգրանտների թիվը գնալով աճում է, մինչդեռ սպանվածների և անհետ կորածների թիվն անկում է ապրում, ինչը նույնպես կարելի է դիտարկել որպես դրական զարգացում։

Եթե տեղի չունենա խնդրի լուծմանը միտված մոտեցման էական փոփոխություն, Միջերկրական ծովը կշարունակի մնալ «զանգվածային գերեզմանոց», իսկ Լիբիան՝ մեր ժամանակների ամենալուրջ մարդասիրական ճգնաժամերից մեկի էպիկենտրոնը։

Հեղինակ՝ Աննա Անտոնյան, արաբագետ

Օգտագործված գրականության ցանկ և աղբյուրներ

  1. Abouelhassan, R., Dasappa-Venketsamy, P., Ortiz, A., & Samir, A. (2025). Technical brief I: Contributing to the prevention of migrant deaths and disappearances by promoting regular pathways: Insights from the Missing Migrants Project in the MENA region. International Organization for Migration, Regional Data Hub, Middle East and North Africa.
    https://mena.iom.int/sites/g/files/tmzbdl686/files/documents/2025-11/brief_contributing-to-the-prevention-of-migrant-deaths-and-disappearances-by-promoting-regular-pathways.pdf
  2. Wallis, E., & Mehedi, T. (2025, December 3). Libya: Repatriations increase while migrant arrivals decrease. InfoMigrants.
    https://www.infomigrants.net/en/post/68501/libya-repatriations-increase-while-migrant-arrivals-decrease
  3. Ahmed, M., & Magdy, S. (2025, February 11). Pakistan says at least 16 nationals died in migrant boat sinking near Libya. AP News.
    https://apnews.com/article/pakistan-libya-migrants-boat-sank-6a458e7b92176a127f8b80156f593848
  4. Khaled, F. (2025, July 25). A Europe-bound migrant boat capsizes off the Libyan coast, leaving at least 15 people dead. AP News.
    https://apnews.com/article/migrants-libya-boat-egyptians-europe-boat-coast-sea-3d0a471e7fde93dadc1706fdc3c09ce3
  5. Reuters. (2025, May 2). Bodies of six migrants recovered near Libyan coastal city, Red Crescent says.
    https://www.reuters.com/world/africa/bodies-six-migrants-recovered-near-libyan-coastal-city-red-crescent-says-2025-05-02/
  6. Reuters. (2025, May 11). At least three die, including two children, in Libya-Italy crossing, NGO says.
    https://www.reuters.com/world/least-three-die-including-two-children-libya-italy-crossing-ngo-says-2025-05-11/
  7. Reuters. (2025, June 17). At least 60 people feared missing in two deadly shipwrecks off Libya, IOM says.
    https://www.reuters.com/world/africa/least-60-people-feared-missing-two-deadly-shipwrecks-off-libya-iom-says-2025-06-17/
  8. Reuters. (2025, July 14). More than 100 migrants freed in Libya after being held captive by gang, officials say.
    https://www.reuters.com/world/africa/more-than-100-migrants-freed-libya-after-being-held-captive-by-gang-officials-2025-07-14/
  9. Al Jazeera English. (2025, February 9). Libya finds two mass graves with bodies of nearly 50 migrants, refugees.
    https://www.aljazeera.com/news/2025/2/9/libya-finds-two-mass-graves-with-bodies-of-nearly-50-migrants-refugees
  10. AP News. (2025, April 8). Libyan authorities suspend 10 international aid groups providing crucial assistance to migrants.
    https://apnews.com/article/aid-groups-libya-authorities-migrants-humanitarian-relief-e3d6cea321411e3e4385b1d46cb787b0
  11. Magdy, S. (2025, May 30). 11 Sudanese migrants killed in a car crash in the Libya desert, authorities say.
    https://apnews.com/article/sudan-migrants-killed-libya-a8c25336a1fb1c647f7bd8eddd04b24a
  12. Magdy, S. (2025, July 19). Libya deports 700 Sudanese migrants in crackdown on trafficking.
    https://apnews.com/article/libya-migrants-sudan-war-deportation-660d4564d19ad52dfb40a94aebaa2f38
  13. IOM (2025, November 12). IOM spokesperson on deadly shipwreck off Libyan coast as death toll tops 1,000 in 2025.
    https://www.iom.int/news/iom-spokesperson-deadly-shipwreck-libyan-coast-death-toll-tops-1000-2025
  14. UNHCR. (2025, November 12). Ḥān waqt āl-ʿawda… Min waṭan ʾiḥtawānā ʾilā waṭan nantamī ʾilayh.
    https://url-shortener.me/25U4
  15. IOM. (2025, November 8). Libya Weekly Maritime Update 2–8 November 2025.
    https://crisisresponse.iom.int/sites/g/files/tmzbdl1481/files/appeal/documents/IOM-Libya-Maritime-update-8-November-2025.pdf
  16. Assad, A. (2025, May 22). IOM: Number of immigrants in Libya reached 850,000.
    https://libyaobserver.ly/news/iom-number-immigrants-libya-reached-850000#google_vignette
  17. Libyan Review, (2025, October 8). IOM Warns of Growing Vulnerability Among Migrants in Libya.
    https://libyareview.com/59865/iom-warns-of-growing-vulnerability-among-migrants-in-libya/
Նախորդ Լուրը

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին

Հաջորդ Lուրը

Էրդողանը անդրադարձել է ազգությամբ հայ գործիչների ներգրավվածությանը Թուրքիայի քաղաքական կյանքում

Այլ Լուրեր

Միջազգային

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026
Անվտանգություն

Արաղչի. Իրանը պատրաստ է առնվազն վեց ամիս և ավելի տևողությամբ դիմակայության

01/04/2026
Անվտանգություն

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան՝ Իրանի դեմ գործողությունների համար

31/03/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանը անդրադարձել է ազգությամբ հայ գործիչների ներգրավվածությանը Թուրքիայի քաղաքական կյանքում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)